| ||||||||
«Ի հաշիվ ցածր, միջին և բարձր տեխնոլոգիատարության ապրանքների արտահանման տեսակարար կշիռների նվազման՝ տարիների ընթացքում շարունակաբար ավելացել է ռեսուրսատար ապրանքների արտահանումը»,- Լիլիթ Սարգսյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն, տնտեսագիտության թեկնածու: Իրականացրել է «Արտահանումը որպես ՀՀ տնտեսական աճի հենասյուն (ոլորտային ռազմավարություն)» թեման: Հիմնախնդիրները: ՀՀ արտահանման կառուցվածքի ներկա վիճակի վերլուծությունը ցույց է տվել առկա լուրջ հիմնախնդիրները: Նախ՝ արտահանման մոտ 80%-ն ապահովում է միայն 4 ապրանքախումբ: Ուստի արտահանումը ՀՀ-ում բարձր աստիճանի կենտրոնացված է. «Երկրորդ՝ 2001թ.-ի համեմատ 2019թ.-ին ՀՀ արտահանման մեջ էապես ավելացել է ռեսուրսատար ապրանքների արտահանման տեսակակար կշիռը: Զուգահեռ նվազել է բարձր ու միջին տեխնոլոգիատար ապրանքների [1] արտահանման տեսակարար կշիռը, ինչն ամենևին էլ չի կարող նպաստել տնտեսության հետագա արդյունավետ զարգացմանը»: Մինչև 2020թ.-ը արտահանման միջինում 80 տոկոսը կազմել են պատրաստի սննդի արտադրանքը, հանքահումքային մթերքները, թանկարժեք քարերը և մետաղները, ոչ թանկարժեք մետաղների և իրերի ապրանքախմբերը: Այս ապրանքախմբերի արտահանման տեսակարար կշռի ավելացման պատճառը ՀՀ–ում ռեսուրսների համեմատաբար էժան լինելն է, նաև. «Բնապահպանական վճարները ցածր են [2]: Հիմնական ներդրումները կատարվում են ռեսուրսատար ապրանքների արտահանման մեջ, որոնք երկրին բերում են համեմատաբար ավելի քիչ եկամուտ, իսկ սեփականատիրոջը՝ զգալի»։ Ստացվում է, որ արտահանման 20%–ը կազմում են 97 անուն ապրանքախմբից 93-ը: Ընդ որում, բարձր և միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռը նվազում է: Հրապարակումները: Գիտական այս թեմայի ընտրությունը Լիլիթ Սարգսյանի կողմից կատարվել է 2019թ.-ին: Նույն թվականին հոդվածներ են հրապարակվել “Экономика и управление” ամսագրի 2-րդ համարում [3] և Russian Journal of Regional Studies [4] վարկանիշային ամսագրում. «Թեմայի շրջանակում հրապարակված բոլոր հոդվածները անգլերեն կամ ռուսերեն լեզուներով են։ Տիրապետում եմ նաև ֆրանսերենին: Թարգմանության խնդիր չի առաջանում»: Scopus գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում հրապարակումներով հանդես գալու հարցում նշում է որոշ խնդիրներ. «Անվճար հրապարակումների համար սովորաբար բավական ժամանակահատված է պահանջվում՝ գրախոսության և ըստ հերթի տպագրության համար: Տվյալ թեմայով տպագրվող հոդվածը կարող է լույս տեսնել հաջորդ տարի և այդպիսով չներառվել տվյալ տարվա հաշվետվության մեջ»։ Անձամբ ինքը՝ որպես երիտասարդ գիտնական, նախընտրում է հեղինակավոր ամսագրերում հրապարակվելը, բայց այդ դեպքում հնարավոր է, որ իր գիտական թեմայի վերաբերյալ հաշվետության մեջ թեմային առնչվող հոդված ներկայացնել չհաջողվի: Հոդվածը կարող է դեռևս գտնվել գրախոսման փուլում: Նշում է, որ մինչ վերջին ժամանակաշրջանը պահանջներն այլ էին՝ դրական էր դիտվում կիրառական նշանակությամբ գիտական թեմաների ընտրությունը և քանակապես շատ հոդվածների տպագրությունը (ոչ պարտադիր Scopus-յան): Ներկայում պահանջները փոխվել են: Առաջարկում է մշակել մեխանիզմ, որի շնորհիվ երիտասարդ գիտաշխատողը չի մատնվի շփոթության ժամկետների հետ կապված: Առաջարկում է հայկական ամսագրերը Scopus-ում ներառելու գործընթաց: Դա ոչ միայն տեղական աշխատանքների միջազգայնացում է, այլ նաև տեղական ամսագրերի միջազգայնացում։ Սակայն այստեղ էլ բայց կա. «Scopus-ում ընդգրկելով հայաստանյան ամսագրերը՝ տասնամյակներով պայքարելու ենք դրանցում հրապարակված հոդվածների դիտողականությունը բարձրացնելու համար: Մինչդեռ Scopus-ում ներկայում ներառված արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր ամսագրերից որևէ մեկում հրապարակումը հենց այսօր էլ կապահովի հոդվածի անհամեմատելի բարձր դիտողականություն»։ Հղումներ
Հերմինե Օհանյան |