Young Scientist Tribune
Լիանա Հայրիյան

«Գիտությունը պետք է դառնա արտադրողական ուժ»

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Լիանա Հայրիյան. «Գիտությունը ստեղծագործելու կարևոր հարթակ է: Գիտության մեջ ամենակարևորը սերն է դեպի գիտություն, ցանկությունն արարելու, նորը ստեղծելու»:

   Լիանա Հայրիյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքից է, 30 տարեկան, մասնագիտությամբ՝ դեղագետ: Սովորել է Երևանի պետական համալսարանի դեղագիտության ֆակուլտետում, այնուհետև թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում: 2015 թ-ից կենտրոնի Ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի գիտաշխատող է: «Էնանտիոմերապես հարստացված, չհագեցած, նոր α-ամինաթթուների սինթեզ և հետազոտում» ատենախոսական աշխատանքն իրականացրել է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի փոխտնօրեն, դոցենտ Աննա Մկրտչյանի ղեկավարմամբ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի խորհրդակցությամբ: Լիանան 9 գիտական հոդվածի և 14 թեզիսի հեղինակ է: 

   Գիտական արդյունք

   -Ես զբաղվում եմ կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզով: Որպես ձեռքբերում կարող եմ նշել գրականության մեջ չնկարագրված թվով 30 նոր էնանտիոմերապես հարստացված, չհագեցած ամինաթթուների ստացումը, ինչն իրականացվել է իմ ատենախոսական աշխատանքի շրջանակներում: Ամինաթթուներից 4-ը հանդիսացել են կոլագենազ ֆերմենտի, 4-ը՝ ալդեհիդ և ալդոզ ռեդուկտազ ֆերմենտների արգելակիչներ, 2-ը ցուցաբերել են հակաքաղցկեղային ակտիվություն: Աշխատանքներն իրականացնում ենք նիկելային՝ Բելոկոնի կոմպլեքսներով: Ատենախոսական աշխատանքի հետազոտության փուլերից մեկում հաջողվել է նոր շունչ տալ այդ կոմպլեքսներին, վերջիններիս վերածել ենոլային կոմպլեքսների, ինչի արդյունքում հնարավոր է այդ կոմպլեքսներից անջատել ոչ թե  ամինաթթուներ, այլ ամինակետոններ, որոնք նույնպես կենսաբանորեն ակտիվ միացություններ են: Այդ արդյունքների հիման վրա «Mendeleev Communications» միջազգային գիտական ամսագրում հոդված է տպագրվել: Ասպիրանտական աշխատանքի շրջանակներում 6 ամիս աշխատել եմ Մոսկվայի Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտում՝ Յուրի Բելոկոնի ղեկավարմամբ: Իր հետ համագործակցելը, իրենից սովորելը մեծ փորձ, առավելություն ու հաջողություն էր: Ասպիրանտական աշխատանքի շրջանակներում նաև մասնակցել եմ «Քիմիայի սահմանները» միջազգային գիտաժողովին, որին ներկա էր Նոբելյան մրցանակակիր Բերնարդ Ֆերինգը: Պոստերային զեկույցով հանդես եմ եկել և ստացել հնարավորություն 3 ամիս ժամկետով վերապատրաստվել ինձ համար նախընտրելի եվրոպական լաբորատորիայում: Ես ընտրեցի Ցյուրիխի տեխնիկական պետական համալսարանը, որտեղ կատարած աշխատանքների հիման վրա շուտով նախատեսվում է հոդվածի տպագրություն:

 Լիանա Հայրիյանը՝ ռուս նշանավոր քիմիկոս Յուրի Բելոկոնի հետ

   Գիտությանը «խանգարող» հանգամանքները

   -Մեր ոլորտում բացեր, ցավոք, կան: Ամենախոցելին, իմ կարծիքով, գնումների ոլորտն է:   Հստակ օրինակով բացատրեմ. եթե Շվեյցարիայում ինչ-որ միտք ծագի ինձ մոտ և որոշեմ, որ պետք է շտապ այդ աշխատանքն իրականացնեմ, իջնում եմ լաբորատորիա, քարտով գնում եմ այն բոլոր նյութերը, որոնք ինձ պետք են, և նույն օրը կարող եմ սկսել իմ հետազոտությունները: Մեզ մոտ այդ գործընթացը 6 ամիս է տևում,  իսկ 6 ամիս հետո մտքերն ու ցանկություններն արդեն ուրիշ են լինում, և դա մեզ շատ խանգարում է: Բացի այդ, բազային ֆինանսավորումը լաբորատորիաների համար բավական ցածր է: Այդ ֆինանսավորմամբ չես կարող գնել քիմիական ռեակտիվներ, մենք դրանք ձեռք ենք բերում դրամաշնորհների, թեմաների, միջազգային համագործակցությունների շնորհիվ: Ֆինանսավորման հարցը շատ կարևոր է: Կարծում եմ, բարեփոխումներն արդեն սկսվել են, հուսամ լավ կլինի: Հենց ֆինանսավորման պատճառով է, որ այսօր շատ «ուղեղներ» լքում են երկիրը: Հույս ունեմ, որ այն հնարավորությունները, որ երիտասարդ գիտնականները տեսնում են արտասահմանում, կտեսնեն նաև այստեղ: 
   Գիտնականի համար շատ կարևոր է միջազգային հայտնի հոդվածների հասանելիությունը: Կան կայքեր, որտեղ այդ հոդվածները ներբեռնված են, բայց դրանք գումարով են: Արտասահմանում դրանք հասանելի են, ինստիտուտն է ֆինանսավորում: Քիմիայի ոլորտում աշխատող գիտնականների համար նյութ սինթեզելուց առաջ ցանկալի է հասկանալ՝ կա՞ այդ նյութը սինթեզված, թե՝ ոչ: Եթե անգամ այդ նյութը սինթեզված է, կարող ես նայել նյութի սինթեզը և առաջարկել նոր ուղղություն, գուցե ավելի մատչելի և հասանելի, և դա ևս կլինի նորություն:

                             

    Գիտությունը՝ արտադրողական ուժ

   -Պետք է մեր գիտափորձերը վերածել արտադրության, գիտությունն ու արտադրությունը պետք է միասին զարգանան, գիտությունը պետք է դառնա արտադրողական ուժ, աշխատի տնտեսության համար, պետությունն էլ մի կողմից աջակցի գիտության զարգացմանը, մյուս կողմից պահանջներ առաջադրի։

   «Գիտուժ»-ի մասին

   -«Գիտուժ»-ործունեության շնորհիվ այժմ կա գիտության ֆինանսավորման զգալի բարձրացում, ինչի արդյունքու կարծում եմ, կավելանա գիտության ոլորտում աշխատողների թիվը: Մյուս կարևոր ձեռքբերումը ՀՀ ԳԱԱ-ի կազմից ինստիտուտների դուրս բերման գործընթացի և վերջիններիս համալսարաններին կցելու կասեցումն է: Համալսարանների հետ համագործակցությունը շատ կարևորում եմ, բայց, կարծում եմ, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով. համալսարանները՝ կրթությամբ, իսկ ակադեմիան՝ գիտությամբ:

   Մոնիկա Երիցյան