| ||||||||
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աստղիկ Մարգարյան. «Ես վստահ եմ՝ մեր երկրի ապագան գիտությունն է: Պետք է հնարավորություն տալ գիտության մարդկանց ուժեղացնել պետության կարողությունները, Հայաստանի ձայնը լսելի դարձնել աշխարհում»: Աստղիկ Մարգարյանը Գյումրիից է, 29 տարեկան, մասնագիտությամբ՝ ֆիզիկոս, մաթեմատիկոս: Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում: Ներկայում ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող է: Նաև դասավանդում է ֆիզիկա առարկա Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում: «Ուսումնասիրված է դիֆրակցիայի օպտիկական երևույթը ճեղքից անթափանց էկրանի վրա, որը գտնվում է վակուումի և համասեռ անիզոտրոպ միջավայրի միջև։Ընդհանրացված է դիֆրակցիայի հայտնի բանաձևը, որը ներառում է միառանցք միջավայրի դեպքը, երբ կլանումը բացակայում է: Ստացված է բանաձև, որը հնարավորություն է տալիս որոշել դիֆրակցիոն մաքսիմումների և մինիմումների ուղղությունները կլանման առկայության դեպքում։ Մեր աշխատանքները նոր են սկսվել և պահանջվում են փորձարարական ուսումնասիրություններ։ Այս ուսումնասիրության արդյունքները հնարավոր է կիրառելի լինեն տարբեր անիզոտրոպ միջավայրերի ուսումնասիրության հետ», - ասում է Աստղիկ Մարգարյանը։ 2016 թ. ՌԴ, Դուբնա, երիտասարդ գիտնականների վերապատրաստում «Ես վստահ եմ՝ մեր երկրի ապագան գիտությունն է: Մենք, ցավոք, չունենք հզոր տնտեսություն, հզոր ռազմական ռեսուրսներ, պետք է մեր ուղեղով առաջ գնանք: Պետք է հնարավորություն տալ գիտության մարդկանց ուժեղացնել պետության կարողությունները, Հայաստանի ձայնը լսելի դարձնել աշխարհում: Դրա համար գիտնականին պետք է գնահատել ըստ արժանվույն, կոտրել հասարակության մեջ նրանց նկատմամբ ձևավորված կարծրատիպերը, ապահովել այնպես, որպեսզի նա զբաղվի միայն գիտությամբ: Այսօր շատ երիտասարդ գիտնականներ ստիպված են զբաղվել այլ աշխատանքներով ևս, որպեսզի լուծեն կենցաղային խնդիրները, ինչը շեղում է գիտնականին իր աշխատանքից: Գիտությանը, գիտնականին պատշաճ վերաբերմունք և ֆինանսավորում է պետք: Հուսանք 2022 թ-ից նախատեսված բարեփոխումները կիրագործվեն, - ասում է Աստղիկ Մարգարյանը, - պետք է հնարավորություններ ստեղծել երիտասարդների համար իրենց դրսևորել միջազգային հարթակներում: Նաև շատ կարևոր է գիտության ոլորտի հանրայնացումը, գիտնականների կատարած հայտնագործությունների, գիտափորձերի ներկայացումը, նորարարությունների համար համապատասխան ռեսուրսների տրամադրումը»: Մոնիկա Երիցյան |