| ||||||||
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Էլիզա Գյուլգյուլյան. «Այսօր երկիրն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած են իր տեխնոլոգիական հնարավորությունները: Մասնագիտական ներուժ, իմ կարծիքով, մենք ունենք: Պետք է գտնել «պայծառ ուղեղներին» և համապատասխան միջավայր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան իրենց ամբողջ ժամանակը տրամադրել գիտական աշխատանքին»: Էլիզան իր ատենախոսական աշխատանքի մի մասն իրականացնում է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ տնօրեն Հրաչյա Ասցատրյանի ղեկավարմամբ, իսկ մյուս մասը՝ ֆրանսիայի Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանում՝ Ֆրանկ Ռավատի և Ժուլիեն Ալիգոնի ղեկավարմամբ: Ըստ Էլիզա Գյուլգյուլյանի՝ գիտության զարգացման գլխավոր ռեսուրսը մարդն է՝ գիտնականը, իսկ գիտնականին այսօր մոտիվացիա է պետք. «Իմ օրինակով ասեմ. ինձ դուր է գալիս գիտական միջավայրը, անընդհատ հետազոտելը, դասավանդելը, բայց ես պայքարելով եմ մնում այս միջավայրում։ Իհարկե, խոսքը ֆինանսների մասին է: Գուցե գիտնականի աշխատանքը գնահատում են, բայց բավականաչափ չեն վարձատրում, որպեսզի ինքը կարողանա ամբողջությամբ նվիրվել միայն գիտությանը: Երիտասարդները հիմա նպատակ են դնում գնալ արտերկրում սովորել և աշխատել, իսկ ես կնախընտրեի, որ այլ երկրներից գային մեզ մոտ սովորելու և աշխատելու: Գիտությամբ զբաղվող երիտասարդը պետք է կարողանա իրեն զգալ լիարժեք աշխատող և վարձատրվի ըստ արժանվույն»: «Մեր ոլորտն աշխարհում շատ արագ է զարգանում: Պետք է ավելի շատ ներդրում լինի ոլորտում, որպեսզի աշխարհի հետ հավասար շարժվենք առաջ: Իսկ ներդնել հարկավոր է կրթության զարգացման մեջ։ Այսօր երկիրն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած են իր տեխնոլոգիական հնարավորությունները: Մասնագիտական ներուժ, իմ կարծիքով, մենք ունենք: Պետք է գտնել «պայծառ ուղեղներին» և համապատասխան միջավայր ստեղծել, որպեսզի նրանք կարողանան իրենց ամբողջ ժամանակը տրամադրել գիտական աշխատանքին», - ասում է Էլիզա Գյուլգյուլյանը։ Ըստ երիտասարդ գիտնականի՝ եթե Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը ներդրվի ըստ արժանվույն, դրական ազդեցություն կունենա. «PostDoc անողները գիտության մարդիկ են, գլուխներն են, ստեղծողներն են: Եթե մեզ մոտ այն իրականացվի այնպես, ինչպես աշխարհում է, հրաշալի կլինի»: Մոնիկա Երիցյան |