COVID-19
Information about NAS RA COVID-19 Scientific Council

17/06/2020
Հունիսի 12-ին կայացավ COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհրդի առաջին առցանց նիստը

    Նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռ. Հարությունյանը, ով տեղեկացրեց, որ Գիտությունների Ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ) կողմից առաջարկ է ստացվել ԳԱՄԱ անդամ Ակադեմիաներին՝ կից ստեղծել գիտական խորհուրդ, որը կհամակարգի COVID-19-ի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները, կզբաղվի վիրուսաբանության արդի հարցերով և կփորձի համակարգային լուծումներ գտնել վիրուսաբանության առկա խնդիրների համար: Ռ. Հարությունյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ կողմից որոշվել է կազմել COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ և ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից առաջադրված խորհրդի կազմը, իսկ խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրեն Ա. Սաղյանի թեկնածությունը: Ա. Սաղյանը նշեց, որ COVID-19 համավարակի ի հայտ գալով բացահայտվեց, որ վիրուսաբանության մի շարք հիմնարար հարցերի լուծումներ հանրապետությունում թերի են կատարվում, իսկ երբեմն նույնիսկ բացակայում են՝ պատշաճ գիտատեխնիկական բազայի բացակայության պատճառով: Համավարակը ցույց տվեց, որ անհրաժեշտ է մշակել ընդհանուր ռազմավարություն, ստեղծել ընդհանուր հարթակ՝ տարբեր գիտական խմբերի համար, որը կարող է իրականացնել համատեղ գիտական ծրագրեր: Նա նշեց, որ գիտական խմբի անվանումը լինելու է “COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ”, սակայն դա չի նշանակում որ խորհուրդը զբաղվելու է միայն COVID-19-ի հարցերով, այն ուղղված կլինի ընդհանրապես համավարակների դեմ պայքարում գիտական մոտեցումների մշակմանը, ընդհանուր ռազմավարության ստեղծմանը և վիրուսաբանության ոլորտում հիմնարար հետազոտությունների իրականացմանը:
    Նիստի ընթացքում ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Թռչունյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Զավեն Կարալյանը, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի գիտական գծով տնօրենի տեղակալ Գայանե Մելիք-Անդրեասյանը, ՀՀ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ովքեր նշեցին, որ խնդիրն իսկապես արդիական է և անհրաժեշտ է համախմբել ողջ գիտական ներուժը՝ օպտիմալ լուծումներ գտնելու և հետայսու նման համաճարակներին պատրաստ լինելու համար: Նրանք նշեցին, որ ոչ պակաս կարևոր է հանրությանը համավարակի դեմ պայքարի գիտականորեն հիմնավորված մոտեցումների մասին տեղեկացնելը:
    Ա. Սաղյանն առաջարկեց բոլորին ներկայացնել իրենց ղեկավարած ստորաբաժանումներում, և ընդհանրապես հանրապետությունում, գործող գիտահետազոտական լաբորատորիաներում խնդրի փաստացի վիճակը, զարգացման հեռանկարները, առկա և անհրաժեշտ նյութատեխնիկական բազան ու ենթակառուցվածքները, որից հետո բոլոր առաջարկներն ի մի կբերվեն, կմշակվի ընդհանուր հայեցակարգ, կկազմվի Խորհրդի գործունեությունը կարգավորող կանոնադրություն: