Competitions
14/11/2023
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի» հայցման 2023թ. հայտերի մրցույթ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ՀՀ ԳԱԱ) հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակի1» (այսուհետ` ՀՀ ԳԱԱ մրցանակ) հայցման 2023 թ. հայտերի մրցույթ։ 

ՀՀ ԳԱԱ մրցանակ շնորհվում է հետևյալ բնագավառներում` 

  • ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ), 
  • քիմիա, կյանքի և Երկրի մասին գիտություններ (երկու անվանակարգ` հիմնարար հետազոտություններ և կիրառական մշակումներ), 
  • հասարակական և հումանիտար գիտություններ (մեկ անվանակարգ)։

Հիմնարար հետազոտությունների ոլորտում ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում ձեռք բերված կարևորագույն հիմնարար գիտական արդյունքների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար, իսկ կիրառական մշակումների դեպքում` վերջին 10 (տասը) տարիների ընթացքում ստացված գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների համար։

ՀՀ ԳԱԱ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ։ Յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների թիվը չպետք է գերազանցի 5 (հինգ)-ը։ Մեկ անգամ մրցանակ ստացած անձն իրավունք չունի երկրորդ անգամ հավակնել այն ստանալու։ Մրցանակները շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով: Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ մրցանակի հայտեր կարող են ներկայացնել ՀՀ գիտական և/կամ գիտակրթական և/կամ գիտաարտադրական կազմակերպությունների աշխատակիցները կամ դրանց խմբերը` կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Խմբերի կազմում կարող են ներգրավվել նաև տվյալ հայտի շրջանակում համատեղ աշխատանքներ իրականացրած օտարերկրյա գիտնականները։ Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն 1(մեկ) աշխատանք:

Հայտում կարող են ներկայացվել բացառապես այն արդյունքները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել կամ ապրանքայնացման տարբեր աստիճաններ են անցել հայտերի ներկայացման ժամկետին նախորդող 5 (հինգ) և 10 (տասը) տարիների ընթացքում` համապատասխանաբար հիմնարար հետազոտությունների և կիրառական մշակումների դեպքում։ Հայտը չպետք է պարունակի արդյունք(ներ), որի(որոնց) համար հեղինակ(ներ)ը կամ այլ անձինք արդեն ստացել են ՀՀ ԳԱԱ մրցանակ կամ այն(դրանք) վերջին 5 (հինգ) տարիների ընթացքում արժանացել է(են) ՀՀ որևէ այլ պարգևի (ՀՀ Նախագահի մրցանակ, ՀՀ պետական մրցանակ, ՀՀ ԳԱԱ «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակ և այլն)։ Հայտերի գնահատման ժամանակ հաշվի են առնվելու`

  • հիմնարար հետազոտությունների դեպքում` գիտական աշխատանքի կամ շարքի գիտական ազդեցությունը, արդիականությունը, նորույթը, գիտական նոր ուսումնասիրություններ կամ ուղղություններ խթանելու հնարավորությունը, տվյալ գիտական ուղղությունից դուրս ազդեցության մակարդակը, գիտական համագործակցությունը խթանելու աստիճանը, հեղինակների ներդրումը, աշխատանքի ընդհանուր նկարագիրը և այլն,
  • կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում` գիտական ազդեցությունը, նորույթը, լաբորատոր, փորձնական նմուշների, արդյունաբերական կամ սերիական արտադրության առկայությունը, պետական պատվերով կատարումը կամ տեղական/միջազգային շուկաներում վաճառքը, հաստատված լաբորատոր կամ արտադրական գիտատեխնիկական փաստաթղթերը, արտոնագրերը, առկա պահանջարկը՝ համագործակցության կամ պայմանագրային արտադրության համաձայնագրեր, առքուվաճառքի պայմանագրեր և այլն: 

ՀՀ ԳԱԱ 2023 թ. մրցանակի մրցույթին պետք է ներկայացվեն հիմնարար հետազոտությունների 2018–2023 թթ. և կիրառական մշակումների 2013-2023 թթ. ընթացքում ձեռք բերված արդյունքները։ Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2023 թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ն է։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2024 թ. մարտի երրորդ տասնօրյակում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. ապրիլին՝ ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ։

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

  1. դիմում-հայտ, իսկ համահեղինակության դեպքում` նաև մասնակցության համար համահեղինակների համաձայնությունը (լրացվում է առցանց («online») եղանակով), 
  2. հեղինակ(ներ)ի անձնագր(եր)ի և սոցիալական քարտ(եր)ի պատճենները,
  3. հեղինակ(ներ)ի բանկային անձնական հաշվեհամար(ներ)ը,
  4. հեղինակ(ներ)ի կենսագրական տվյալները («resume/CV»), 
  5. աշխատանքը ներկայացնող կազմակերպության ղեկավարի կամ գիտական խորհրդի որոշումը՝ աշխատանքը մրցույթին ներկայացնելու արժանիության վերաբերյալ,
  6. հեղինակ(ներ)ի`
    - վերջին 5 (հինգ) տարիների (2018-2023թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը՝ հիմնարար հետազոտությունների դեպքում,
    - վերջին 10 (տասը) տարիների (2013-2023թթ.) ընթացքում հրապարակված աշխատանքների ցանկը և գիտատեխնոլոգիական և/կամ գիտաարտադրական արդյունքների ապրանքայնացման մակարդակը հիմնավորող փաստաթղթերը` արտոնագրեր, կանոնակարգեր, շուկայական պահանջարկը հիմնավորող փաստաթղթեր, իրացման պայմանագրեր և այլն` կիրառական նշանակության գիտատեխնոլոգիական/գիտաարտադրական մշակումների դեպքում,
  7. երեք երաշխավորագիր (կարծիք)` աշխատանքը մրցանակի արժանի լինելու վերաբերյալ` տրված տվյալ ոլորտի մասնագետների կողմից (նրանցից առնվազն մեկը պետք է լինի օտարերկրյա մասնագետ),
  8. մրցույթին ներկայացվող աշխատանքի ընդհանուր նկարագիրը` մինչև 5 (հինգ) էջի սահմաններում` հայերեն և անգլերեն,
  9. մրցույթին ներկայացվող աշխատանքը։

Մրցույթի փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝

  • հայտատուն պետք է առցանց («online») լրացնի դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/BPR4CJEcpfbyZTmq5 (դիմում-հայտն ուղարկելուց առաջ անպայման հարկավոր է այն տպել և ստորագրել),
  • հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված ստորագրված փաստաթղթերի ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակները,
  • փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստին՝ sciorgdep@sci.am՝ նամակի «Subject» դաշտում նշելով մրցույթի անվանումը,
  • եթե ներկայացվող աշխատանքը կատարված է համահեղինակությամբ, դիմում-հայտին անհրաժեշտ է կցել տեղեկանք, որը կարտացոլի համահեղինակների մասնակցության չափը և ստորագրված կլինի համահեղինակների կողմից,
  • առցանց («online») լրացված դիմում-հայտը տպված և ստորագրված, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի ցանկի 2-9 կետերում նշված փաստաթղթերի բնօրինակները ստորագրված և կնքված հարկավոր է ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպական բաժին հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24, հեռ.՝ 010 58-36-79 (1-99), 010 56-81-83 (1-36): 

----------------
1 Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը հիմնադրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության 2023 թ. սեպտեմբերի 20-ի համար 9/1817 որոշմամբ։ Մրցանակի շնորհման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.sci.am/documents.php?dcid=1&langid=1#top: ՀՀ ԳԱԱ մրցանակի շնորհման կարգի ժամկետները գործելու  են երկրորդ մրցանակաբաշխությունից։

Հայտարաությունը PDF ֆայլով կարողեք բեռնել սեղմելով այստեղ։