ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողները իրականացրել են հետազոտություններ՝ գնահատելու համար ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գետի վրա կառուցված Որոտան հիդրոկասկադի՝ Սպանդարյանի, Տաթևի և Թոլորսի ջրամբարների պատվարների սեյսմիկ վտանգն ու ռիսկը։ Աշխատանքներն իրականցվել են «Որոտան կասկադի տարածքի բեկվածքների բնութագրում և սեյսմիկ վտանգների գնահատում» ծրագրի շրջանակներում՝ «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի և «Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցիացիա»-ի հետ համատեղ, «Քոնթուր Գլոբալ» ՓԲԸ-ի պատվերով: Հետազոտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Միքայել Գևորգյանը:
Առանձնացվել և ուսումնասիրվել են Որոտան կասկադի տարածքի տեկտոնական կառուցվածքը, խզվածքները, կառուցվել է ուսումնասիրվող գոտու սեյսմոտեկտոնական մոդելը, գնահատվել է խզվածքների հարուցած երկրաշարժի առավելագույն մագնիտուդը։ Այստեղ է հատում Հայաստանի ամենաակտիվ՝ Փամբակ-Սևան-Սյունիք խզվածքի հարավային սեգմենտը, որը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ, և որի գնահատումն ու դրանից բխող սեյսմիկ ռիսկի նվազեցումը համարվում է խիստ կարևոր և արդիական։
ՀՀ տարածքի համար սեյսմիկ վտանգի քարտեզը 2017թ-ին:Ուսումնասիրվող տարածքը ներկայացված է օվալով։
ՀՀ և հարակից տարածքների ակտիվ խզվածքների քարտեզ՝ հիմնված սեյսմոտեկտոնական մոդելի վրա:
Սպանդարյանի, Տաթևի և Թոլորսի ջրամբարների հորատանցքերի ուսումնասիրության արդյունքները:
«Իրականացված աշխատանքն ամբողջությամբ կրում է կիրառական և հիմնարար նշանակություն։ Հայաստանի և հարակից տարածքներն ամբողջությամբ գտնվում են սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը ենթադրում է սեյսմիկ վտանգի բարձր մակարդակ։ Իսկ երբ դա վերաբերում է ջրամբարների պատվարների սեյսմիկ կայունությանը, վտանգի մակարդակի գնահատումն առավել կարևոր և անհրաժեշտ է դառնում։ Վտանգով պայմանավորված՝ սեյսմիկ ռիսկի գնահատումն ու նվազեցումն արդիական և հեռանկարային են համարվում ամբողջ Հանրապետության տարածքում ջրամբարների պատվարների կայունությունը պահպանելու տեսանկյունից», - ասաց Միքայել Գևորգյանը։ Հետազոտական աշխատանքների ընթացքին ներգրավված են եղել երիտասարդ գիտնականներ, ովքեր մասնակցել են դաշտային հետազոտություններին:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
12.01.2022թ.