«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառուներից է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Տաթևիկ Ալոյանը։
Նա շահառու է ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար։ Տաթևիկ Ալոյանը ներկայացրել է «Distribution of Biodiversity of Wild Beet Species (Genus Beta L.) in Armenia under Ongoing Climate Change Conditions» («Ճակնդեղի (Beta L. ցեղ) վայրի տեսակների կենսաբազմազանության տարածվածությունը Հայաստանում կլիմայի շարունակական փոփոխության պայմաններում») հոդվածը։ Այն տպագրվել է «Multidisciplinary Digital Publishing Institute (MDPI)» hրատարակչի «Plants» ամսագրում:
Հոդվածի համահեղինակներն են ՀԱԱՀ Ագրոկենսատոխնոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Անդրեաս Մելիքյանը, Նորվեգիայի Արկտիկական համալսարանի (UiT) պրոֆեսոր Լաուրա Յակոլան, գիտաշխատողներ Աննա Ավետիսյանը, Մարգարիտա Հարությունյանը և Ամալյա Իսկանդարյանը: Հետազոտությունները կատարվել են Նորվեգիայի Արկտիկական համալսարանի Կլիմայական հետազոտությունների լաբորատորիայում:
Տաթևիկ Ալոյանը հեղինակ է 16 գիտական հոդվածի և 1 սորտի ստացման արտոնագրի: Հոդվածներից 4-ը տպագրվել են «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում:
Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական նորույթը ու արդիականությունը:
- Առաջին անգամ ուսումնասիրվել է ճակնդեղի վայրի տեսակների հայաստանյան բազմազանությունը մոլեկուլային մակարդակով։ Արդյունքում հայտնաբերվել է նոր տեսակ, որը, հավանաբար, բնության մեջ առաջացած բնական հիբրիդ է: Այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվում են:
Հայաստանի բուսական պաշարների հարուստ գենոֆոնդը հնագույն ժամանակներից օգտագործվել է մշակաբույսերի ստեղծման համար: Շատ կարևոր են նրանց պահպանումը և արդյունավետ օգտագործումը: Ցավոք սրտի, կլիմայի փոփոխության, մթնոլորտային օդի աղտոտվածության պատճառով մշակովի շատ բույսերի վայրի ազգակիցների տարածման արեալները խիստ կրճատվել են: Այդ առումով կարևոր են սելեկցիոն տեսակետից արժեքավոր բույսերի վայրի ազգակիցների ուսումնասիրությունները։
Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:
- Կարծում եմ՝ դա կլինի իմ թեկնածուական ատենախոսական աշխատանքը, որն իրականացրել եմ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանի ղեկավարությամբ և մինչև տարեվերջ կներկայացնեմ հրապարակային պաշտպանության: Աշխատանքիս թեման է «Հայաստանում տարածված ճակնդեղի (Beta L.) վայրի տեսակների և պոպուլյացիոն սորտերի գենետիկական բնութագիրը որպես սելեկցիոն ելանյութ»։ Նպատակն է Հայաստանում տարածված, էվոլյուցիոն զարգացման ընթացքում ձևավորված ճակնդեղի 3 վայրի տեսակների և սեղանի, շաքարի ու կերի ճակնդեղների 11 պոպուլյացիոն սորտերի մորֆո-կենսաբանական և ֆիլոգենետիկական առանձնահատկությունների պարզաբանումը, սպիտակուցային և ԴՆԹ մարկերների հայտնաբերումը, արժեքավոր տեսակների, պոպուլյացիաների առանձնացումը։ Դա կարող է արժեքավոր ելանյութ հանդիսանալ սելեկցիայի համար՝ բարձրարդյունավետ սորտեր ստեղծելու ճանապարհին:
Ի՞նչ դժվարություններ կան երիտասարդ գիտնականների համար Հայաստանում։
- Մինչև վերջին տարիները երիտասարդ գիտնականի հիմնական խնդիրը ցածր վարձատրությունն էր: Շատ քիչ մասնագետներ էին զբաղվում գիտությամբ: Այժմ պետության քաղաքականության փոփոխությունները և գիտնականի դերի բարձրացումը խթանում են երիտասարդների ներգրավումը գիտության մեջ: Պետությունը աջակցություն ցուցաբերում է երիտասարդ գիտնականներին տարբեր մրցույթների և ծրագրերի տեսքով: Կարծում եմ՝ կարելի է որոշ շտկումներ մտցնել մրցույթների պայմաններում, որպեսզի ավելի շատ մասնագետներ կարողանան մասնակցել դրանց:
Բացի մասնագիտականից, ի՞նչ հմտություններ կարող են մրցակցային առավելություն տալ երիտասարդ գիտնականին Ձեր ոլորտում:
- Երբեք չպետք է բավարարվել իմացածով, միշտ պետք է քայլել ժամանակին համահունչ և անընդհատ սովորել։ Պետք է լինել ճկուն, մի քիչ էլ խենթ միտք ունենալ, քանի որ գիտությունը ստեղծագործություն է: Ժամանակակից գիտնականը պետք է կարողանա մեկ քայլ առաջ նայել և կատարել այնպիսի հետազոտություններ, որոնց արդյունքներն ապագայում խթան կհանդիսանան։
Ի՞նչ նախադրյալներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- PostDoc համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր և անհրաժեշտ է: Այն կնպաստի փորձի փոխանակմանը, գիտական ներուժի զարգացմանը, մասնագիտական առաջընթացին:
Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները:
- Ողջունելի է գիտական նախաձեռնությունների գործունեությունը։ «Գիտուժ»-ի ձեռքբերումներից եմ համարում գիտության հանրայնացումը, գիտնականների նկատմամբ ուշադրության ավելացումը, աշխատավարձերի բարձրացման, գիտական թեմաների ֆինանսավորման հարցերի քննարկումն ու առաջ մղումը։
Ի՞նչ նախասիրություններ ունեք։
- Սիրում եմ քայլել, երաժշտություն լսել, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, նաև կարդալ։ Արկածային և դրամատիկ գրքեր եմ սիրում, սակայն վերջին շրջանում ժամանակի սղության պատճառով հիմնականում մասնագիտական գրականություն եմ կարդում։
Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:
- Մարդ, ով փորձում է գտնել դրականը բոլոր հարցերում։
Ո՞րն է Ձեր գիտական երազանքը։
- Հասնել այնպիսի գիտական արդյունքի, որի շնորհիվ կկարողանամ համաշխարհային հայտնիություն բերել մեր երկրին:
Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
- Չընկճվել դժվարություններից, միշտ նայել առաջ:
Մոնիկա Երիցյան