Լուսինե Մովսիսյանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի [1] հայցորդ է: Սովորում է թուրքագիտության բաժնում: Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և թուրքերեն լեզուներին: Ուսումնասիրում է «Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեման։ Գիտական ղեկավարը պ․գ․թ․, դոցենտ Վահրամ Պետրոսյանն է։
Լուսինե Մովսիսյանը ձեռնարկել և մեկ տարվա կենտրոնացած աշխատանքի արդյունքում հրապարակել է հայերեն-ադրբեջաներեն զրուցարան: Այստեղ տեղ են գտել ավելի քան 4000 առօրյա-խոսակցական բառեր, արտահայտություններ և թեմատիկ երկխոսություններ: Ձեռնարկն օգտակար կլինի և՛ ուսանողների, և՛ այն անհատների համար, ովքեր ձգտում են տիրապետել լեզվին:
- Ի՞նչ նմանատիպ ձեռնարկներ ենք ունեցել:
- Զրուցարանն իր տեսակով առայժմ եզակի է: Մինչ այժմ ադրբեջաներենի դասագրքից [2] բացի այլ ձեռնարկ չի եղել։ Ընդհանրապես, ՀՀ-ում ադրբեջաներենի ուսուցումը նույն մակարդակում չէ, ինչ Ադրբեջանում՝ հայերենինը։ Հայաստանում ադրբեջաներենի խորացված ուսուցումը սկսվել է 2012թ․-ին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում։ Մինչ այժմ մեր հասարակության վերաբերմունքը բացասական է ինչպես լեզվի, այնպես էլ լեզուն ուսումնասիրողների հանդեպ, սակայն իմ խորին համոզմամբ լեզվին տիրապետելը բխում է ՀՀ անվտանգային շահերից։
- Ի՞նչն է խթան հանդիսացել, որ ուսումնասիրեք ադրբեջաներենը:
- Հակառակորդ պետության ուսումնասիրությամբ զբաղվելը միշտ իմ հետաքրքությունների շրջանակում է եղել: Մեծ էր ցանկությունը նաև պարզելու, թե ինչ մակարդակում է գտնվում Ադրբեջանում հայոց լեզվի ուսուցումը։ Ուսումնասիրության ընթացքում պարզեցի, որ Ադրբեջանում առնվազն 2 համալսարանում ուսումնասիրում են հայոց լեզուն։ Բացի այս 2 համալսարաններից, գործում են նաև հայերենի ուսուցման անհատական խմբակներ՝ մեծամասամբ անվճար։ Հայոց լեզվի ուսուցումը պետության ուշադրության կենտրոնում է: Անգամ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի [3] պատգամավորներն են նշում, որ հայոց լեզվի ուսուցումն ամենևին բարեկամական նպատակով չեն իրականացնում, այլ հակառակը՝ լեզուն սովորում են հարկ եղած դեպքում հակառակորդին իր իսկ լեզվով պատասխանելու համար։
- Ի՞նչ ուսումնասիրություն եք նպատակահարմար գտնում իրականացնելու հաջորդիվ:
- Նախատեսում եմ տպագրել զրուցարանի ավելի ընդարձակ տարբերակը, որը կներառի ադրբեջանական ասացվածքներ, ինչպես նաև կունենա քերականական փոքր հատվածներ։ Նաև, նպատակ ունեմ տպագրել հայերեն-ադրբեջաներեն բառարան։
- Ձեր գիտական թեմայի շրջանակներում ի՞նչ այլ ուսումնասիրություն եք իրականացրել:
- Ուսումնասիրել եմ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին: Դիտարկել եմ վերջիններիս դերը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում։
- Ի՞նչ հրապարակումներ ունեք թեմայի շուրջ:
- Անգլերեն երկու հոդված եմ հրապարակել՝ "The importance of studying a foreign language, Azerbaijani in particular, as a component of Ensuring the national security of the republic of Armenia" [4] և "Education in the conditions of the new Coronovirus, trainings of foreign languages in the days of pandemia" [5]:
- Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
- Հզորացման և կայացման միակ երաշխիքը ոչ պաթետիկ և իսկապես կիրթ սերունդն է։
Լուսինե Մովսիսյանի հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի գլխավոր խմբագիրն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն է: Զրուցարանի մասին դրական կարծիք է հայտնել բ․գ․թ․Արտյոմ Տոնոյանը։ Երաշխավորվել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից:
Հղումներ
- Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտ: Մասնագիտացումը՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմություն, ժամանակակից խնդիրներ և բանասիրություն՝ https://www.sci.am/orgsview.php?id=35&langid=1
- Լիլիթ Մովսիսյան, «Ադրբեջաներենի դասագիրք», ԵՊՀ, Երևան, 2012թ.՝ https://www.scribd.com/document/500651615/Ադրբեջաներենի-դասագիրք-Լիլիթ-Մովսիսյան
- 1918թ.-ի մայիսի 28-ին Ադրբեջանն իրեն անկախ պետություն է հռչակել՝ կազմելով նորաստեղծ երկրի իշխանության բարձրագույն մարմինը՝ Ազգային Ժողովը (Միլլի Մեջլիս)`https://hy.wikipedia.org/wiki/Ադրբեջանի_Ազգային_ժողով
- Լուսինե Մովսիսյան, Գոհար Գրիգորյան, «Օտար լեզվի՝ մասնավորապես ադրբեջաներենի ուսումնասիրության կարևորությունը որպես ՀՀ ազգային անվտանգության ապահովման բաղադրիչ», Լեզու և խոսք-2, գիտական հոդվածների ժողովածու՝ http://language.sci.am/sites/default/files/grigoryan_gohar.pdf
- Լուսինե Մովսիսյան, Գոհար Գրիգորյան, «Կրթությունը նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում, օտար լեզուների ուսուցումը պանդեմիայի օրերին», ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Կաճառ գիտական պարբերական, 2021թ․՝ https://arar.sci.am/dlibra/publication/294309/edition/270130/content
Հերմինե Օհանյան