Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ասցատրյանը։
Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տեսլականը։ «Մենք պետք է շարունակենք խթանել համակարգչային գիտության մեջ հետազոտական գերազանցությանը՝ կենտրոնանալով նորարարական ոլորտների վրա, ունենանք կարևոր դեր երկրում սոցիալական տարբեր մարտահրավերների հաղթահարման գործում և ազգային մակարդակով տրամադրենք ենթակառուցվածքներ գիտական հանրությանը և արդյունաբերությանը։ Ինստիտուտը պետք է այս առանցքներով ծավալի իր գործունեությունը։ Դա իրականացնելու համար մեր ռազմավարությունն է միավորել գիտությունը, կրթությունը և արդյունաբերությունը՝ զարգացնելով համագործակցությունը», - ասաց Հրաչյա Ասցատրյանը։
Որպես խոշոր ձեռքբերում Հրաչյա Ասցատրյանը նշեց 2024թ․ մայիսին Երևանում՝ Ինժեներական քաղաքում բացված Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի կարևորությունը։ Այս կենտրոնում է տեղադրված տարածաշրջանում եզակի՝ «Ազնավուր» գերհամակարգիչը։ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի շահագործումն ու սպասարկումն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։
Հրաչյա Ասցատրյանը ծնվել է 1976թ.՝ Երևանում։ 1998թ․ ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 2001թ. ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2020թ. Ֆրանսիայի Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում ստացել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան, որը համապատասխանեցվել է ՀՀ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին 2022թ., իսկ 2024թ. Հրաչյա Ասցատրյանը ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
Հրաչյա Ասցատրյանը 1995թ-ից ընդգրկված է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ 2018թ-ից ինստիտուտի տնօրենն է։ Նա հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածի, որից շուրջ 70-ն ընդգրկված են «Web of Science» և «Scopus» միջազգային գիտաչափական շտեմարաններում։ Նա մասնակցել կամ ղեկավարել է 50 միջազգային և 12 հանրապետական նախագծեր։
Պրոֆեսոր Ասցատրյանը նաև զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայ-ֆրանսիական համալսարանում, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։
2004թ. Հրաչյա Ասցատրյանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, իսկ 2023թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.12.2024թ.