Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանը։
Շուրջ չորս ամիս Գոհար Իսկանդարյանը եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա նշեց, որ այդ ամիսների ընթացքում կնքվել են համագործակցության հուշագրեր հետազոտական կառույցների հետ, իրականացվել են միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր։
Գոհար Իսկանդարյանն առաջարկում է գիտական նոր ուղղություններ սահմանել՝ ընդլայնելով ժամանակակից Ադրբեջանի ուսուﬓասիրությունները, բացել իսրայելագիտության, քրդագիտության ուսումնասիրությունների բաժիններ, իրականացնել նաև Արևելքի երկրների տնտեսության, գրականության, մշակույթի, լեզվի, արվեստի ուսումնասիրություններ։
Գոհար Իսկանդարյանը շեշտեց ինստիտուտի երիտասարդացման խնդիրը՝ նշելով, որ անհրաժեշտ է գիտական նոր կադրերի համալրում, ասպիրանտների գիտական թեմաների շտեմարանի ստեղծում։ Նրա խոսքով՝ 2026թ․ Հայաստանում կանցկացվի Երիտասարդ արևելագետների միջազգային գիտաժողովը։
Գոհար Իսկանդարյանը 1993-1997թթ․ սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետում, 1994-1999թթ.՝ Երևանի Հրաչյա Աճառյանի համալսարանի միջազգային հարաբերություններ և թարգմանչություն ֆակուլտետում, 1999-2002թթ. եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ, 2003թ․ ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1999թ-ից Գոհար Իսկանդարյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում։ 2002թ. ճանաչվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի լավագույն երիտասարդ գիտաշխատող։ 2007-2009թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ նախագահության միջազգային կապերի վարչությունում՝ որպես ավագ մասնագետ, 2007-2024թթ․ եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության Սփյուռքի բաժնի գիտքարտուղարը։ 2022թ. նա նշանակվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ։
Գոհար Իսկանդարյանը 7 մենագրության, 41 գիտական հրապարակման հեղինակ է։ Նրա խմբագրությամբ տպագրվել է 4 գիրք։
Գիտական գործունեությանը զուգահեռ Գոհար Իսկանդարյանը զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ 2002-2010թթ․ նա դասախոսել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում, 2008թ-ից դասախոսում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնում, 2013թ-ից՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնում, 2015թ-ից՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում, 2016թ-ից՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրներ ամբիոնում։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.12.2024թ.