|
|
|
|
|
Новости
21/04/2023
ՀՀ ԳԱԱ-ի Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2022թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում
|
|
|
|
|
Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2022թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.
- «Շրջակա միջավայրի գիտություններից մինչև պարենային անվտանգություն (նվիրվում է Էկոկենտրոնի ստեղծման 30 և հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակներին)» (Զեկ.` աշխ.գ.թ. Լ.Վ. Սահակյան)
- «Արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թունաբանական հետազոտություններում» (Զեկ.` ֆ.-մ.գ.թ. Զ. Է. Նավոյան)
- «Պարկինսոնի հիվանդության պաթոգենեզը և թիրախային մոլեկուլները» (Զեկ.` կ.գ.թ. Վ.Հ. Քնարյան)
- «Հայաստանը՝ խաղողի տնայնացման բնօրրան. ամբողջական գենոմի սեքվենավորման արդյունքներ» (Զեկ.` կ.գ.թ. Ք.Ս. Մարգարյան)
- «Կենսաբանական ինվազիաները որպես կարևորագույն սպառնալիք կենսաբազմազանության համար» (Զեկ.` կ.գ.թ. Ա. Ս. Ալեքսանյան)
- «Հայաստանի ինվազիվ ու էքսպանսիվ միջատները և դրանց վնասակարության ուսումնասիրությունը» ( Զեկ.` կ.գ.թ. Գ.Հ.Կարագյան)
- «Ցիանոբակտերիալ ռեկոմբինանտ շտամների կառուցումը 5-ամինալևուլինաթթվի արտադրության նպատակով» (Զեկ.` կ.գ.թ. Բ.Ա. Հարությունյան)
- «Միջուկային քրեագիտության կարողությունների զարգացումը Հայաստանում» (Զեկ.` կ.գ.թ. Օ.Ա.Բելյաևա)
- «Կովկասի կենսաբազմազանության CABOL գենետիկական ուսումնասիրությունը Հայաստանում» (Զեկ.` կ.գ.դ. Մ.Ս.Առաքելյան)
Բաժանմունքի կազմում ընդգրկված են հետևյալ գիտահետազոտական կազմակերպությունները` Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ, Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են 7 ակադեմիկոս, 8 թղթակից և 27 արտասահ-մանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր:
2022թ-ին տպագրվել է 244 հոդված (176-ն՝ արտասահմանում), 98 թեզիս (70-ն՝ արտասահմանում), 6 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ, հատկացվել է 3 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 17 միջոցառում, որոնց մասնակցել է 827 մարդ (84-ն՝ արտերկրից):
Կարևորագույն գիտական արդյունքներ
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
- Բացահայտվել են ոչ սպիտակուցային ամինաթթուներ և պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէային ակտիվությամբ, պրոտեազներ արգելակելու ունակությամբ և կարող են նպաստել նոր հակամանրէային դեղերի ստեղծման:
- Իրականացվել է Escherichia coli-ի argE և Geobacillus stearothermophilus թերմոֆիլ բակտերիայի ama գեների մոլեկուլային կլոնավորումը: Ուսումնասիրվել են կառուցված ռեկոմբինանտ շտամների հատկությունները:
- Առաջին անգամ կառուցվել են ցիանոբակտերիալ (Synechocystis sp.) ռեկոմբինանտ 5-ամինալենուլինաթթվի շտամ-արտադրիչներ, որոնք կրում են ֆոտոսինթեզող բակտերիա Rhodobacter sphaeroides-ի hemA գենը։
- Գենետիկա-սելեկցիոն եղանակով ստացվել են Brevibacterium flavum շտամի L-տրիպտոֆան սինթեզող մուտանտներ: Ցույց է տրվել, որ խորը ֆերմենտման պայմաններում մուտանտները սինթեզում են 2-3 գ/լ նպատակային ամինաթթու:
- Մշակվել և վալիդացվել են ճարպաթթուների, որոշ մոնո- և դիշաքարների որակական և քանակական որոշման մեթոդներ:
- Ուսումնասիրվել է պալարաբակտերիաների կիրառման հնարավորությունը ցիանոբակտերիաների հետ համատեղ սոյայի և սիսեռի բույսերի բերքատվությունը բարձրացնելու համար։ Նշված մանրէների միջև բացահայտվել է ընդգծված սիներգիզմ, որը բերում է բույսերի արտադրողական ցուցանիշների մինչև 70% բարձրացմանը։
- Հրապարակվել են մանրէների կուլտուրաների կատալոգների հաջորդ 3 հատորները՝ նվիրված խմորասնկերին, կաթնաթթվային, սպոր չառաջացնող և սպոր առաջացնող բակտերիաներին:
- Կազմակերպվել է Lactobacillus acidophilus MDC9602 և L. rhamnosus MDC9631 կաթնաթթվային բակտերիաների կիրառմամբ «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելման սերիական արտադրությունը։
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
- Միջգիտակարգային հետազոտությունների շրջանակներում առաջին անգամ իրականացվել է հող-բույս համակարգում տոքսիկ տարրերի անցման և կուտակման առանձնահատկությունների ուսումնասիրում՝ կոմպոզիցիոն տվյալների անալիզի և տարածաժամանակային քարտեզագրման համադրմամբ: Պարզվել է, որ, չնայած II ենթաընտրանքի հողերում կապարի ցածր պարունակությանը՝ գրանցվել են փոխանցման գործակցի համեմատաբար բարձր արժեքներ:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
- Նկարագրվել է գիտության համար բզեզների 3 նոր տեսակ Հայաստանից և 10՝ այլ կենդանաշխարհագրական մարզերից:
- Հայաստանում հայտնաբերվել է մրջնառյուծի խիստ հազվագյուտ Dendroleon pantherinus տեսակը:
- Հայաստանի ֆաունայի համար հայտնաբերվել է բզեզների 6 և երկթև միջատների 1 նոր տեսակ, տզերի 4 և սարդերի 45 նոր տեսակ:
- Գրանցվել է կիսակարծրաթևերի 2 ինվազիվ տեսակ։
- Ավարտվել են ցեոլիտային սորբենտի ստացման աշխատանքները։ Նպատակային սորբենտով Սևանա լճի «ծաղկած» ջուրը մաքրելուց հետո ջրի մեջ զգալիորեն կրճատվում է բիոգեն տարրերի պարունակությունը, նվազում է գենաթունային ազդեցության մակարդակը։
- Կենսամարկերների մեթոդով գնահատվել է Սևանա լճի գետերի աղտոտված տարածքների հիդրոբիոնտների վիճակը: Գրանցվել է հակաօքսիդանտային գլուտաթիոն-S-տրանսֆերազ և գլուտաթիոն ռեդուկտազ ֆերմենտների բարձր ակտիվություն Մասրիկ և Գավառագետ գետերի առավել աղտոտված հատվածներից վերցրած փորձանմուշներում։
- Մակերևութային ջրերի նմուշներից իմունոֆլորեսցենտ միկրոսկոպիայի միջոցով հայտնաբերվել և qPCR-ով նույնականացվել է նախակենդանիների 2 մակաբույծ տեսակ (Cryptosporidium parvum և Giardia duodenalis)։
- Վերջին 50 տարիների ընթացքում 1-ին անգամ որոշվել է Արաքս գետի մերձսահմանային փակ գոտու ջրլող թռչունների տեսակային կազմը, կարգավիճակը, կենսամիջավայրի պիտանելիությունը, առկա և հնարավոր սպառնալիքները, հողօգտագործման ձևերը և մարդածին ճնշման աստիճանը:
- Վերջին 50 տարիների ընթացքում 1-ին անգամ որոշվել է Արաքս գետի մերձսահմանային փակ գոտու ջրլող թռչունների տեսակային կազմը, կարգավիճակը, կենսամիջավայրի պիտանելիությունը, առկա և հնարավոր սպառնալիքները, հողօգտագործման ձևերը և մարդածին ճնշման աստիճանը:
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
- Կազմվել է Հարավային Կովկասի երկամյա տերեփուկների բանալին:
- Սևանա լճում, Ծովագյուղի շրջակայքում հայտնաբերվել են ռուփիայի նոր տեսակներ:
- Հայաստանի պալեոֆլորայի համար բացահայտվել է 2 նոր ցեղ և 23 նոր տեսակ:
- Կազմվել է «Հայաստանի ֆլորա և բուսականություն» վայրի և մշակովի պտղատու բույսերի հավաքածուի տվյալների էլեկտրոնային շտեմարան:
ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Առաջին անգամ հաստատվել է.
- բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում Ղրիմի գյուղատնտեսության գիտահետազոտական ինստիտուտից ստացված միկորիզային պատրաստուկի դրական ազդեցությունը Հնդկաստանից ներմուծված թանկարժեք դեղաբույս աշվագանդայի արդյունավետության և կենսաքիմիական ցուցանիշների վրա:
- ԱՄՆ-ից ներմուծված արժեքավոր դեղատու և սննդային բույս մորինգայի մեկուսացված կուլտուրայի ստացման և կլոնալ միկրոբազմացման արդյունավետությունը in vitro մշակույթում:
- հիդրոպոնիկ պայմաններում և հողում մեղրախոտի բուսահումքի Se ուլտրամիկրոտարրով հարստացման հնարավորությունը և ուղիները:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
- Բացահայտվել է միացություն, որը, ճնշելով պիրիմիդինային նուկլեոտիդների սինթեզում ներգրավված ֆերմենտի ակտիվությունը, ցուցաբերում է լայն սպեկտրի հակավիրուսային ակտիվություն վիրուսային տարբեր ընտանիքների ներկայացուցիչների նկատմամբ:
- Մշակվել է հակաֆոսֆոլիպիդային սինդրոմի փորձարարական մոդել:
- Մշակվել է գլիոբլաստոմայի քսենոգրաֆտային մոդել՝ գլխուղեղի նեյրոնային և անոթային խանգարումների հետազոտությունների համար:
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ
- Ռևմատոիդ արթրիտով հիվանդների սինովիալ հեղուկներից ցիտրուլինացված ադենոզինդեամինազի դեմ ստացվել են հակամարմիններ, որոնցով հայտնաբերվում է ցիտրուլինացված ադենոզինդեամինազի առկայությունը սինովիալ հեղուկներում:
- Ազնվամորուց անջատած սուպերօքսիդ գեներացնող կոմպլեքսի ազդեցությամբ լակտո և բիֆիդում բակտերիաների թիվը ավելանում է 4-8, իսկ E.coli-ինը՝ 5 - 10 անգամ:
- Դեղերի թիրախային առաքման համակարգում թիրախի ճանաչման բաղադրիչ օգտագործվել են լեկտինները, իսկ տրանսպորտային համակարգ՝ ֆերիտինը:
- Ստացված ալբումինային մասնիկները կիրառվել են փորձարարական ինսուլտի պայմաններում։ Պոլիէթիլենգլիկոլով (ՊԷԳ) պատված ալբումինային մասնիկները ավելի երկար են մնում արյան հոսքում չպատված մասնիկների համեմատությամբ:
- Սինգլետային թթվածինը մարող L-հիստիդինի և հիդրօքսիլ ռադիկալը մարող D-մաննիտոլի օպտիմալ կոնցենտրացիաները նվազեցնում են ֆոտոգունաթափման աստիճանր և բարձրացնում պորֆիրինների և ֆոլաթթվի կոմպլեքսների ֆոտոդինամիկ թերապիայի արդյունավետությունը:
- LVV-հեմորֆին-3-ի և ուրոկորտին-3-ի համատեղ ներարկումը դիաբետիկ առնետներին կարգավորում է ինսուլինի և գլյուկագոնի արտազատումը ենթաստամոքսային գեղձի կղզյակներում և դրանց կոնցենտրացիան արյան պլազմայում:
ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
- Մշակվել են մարդու արյան պլազմայից ալբումինի և նորմալ իմունոգլոբուլինի պատրաստուկների արտադրման տեխնոլոգիաները, ստացվել են փորձնական առաջին նմուշները:
- Պարզաբանվել է կենդանական թույներից ստացված նեյրոպրոտեկտորների ազդեցությունը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելների վրա:
- Կիրառական արդյունքներ
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
- Շարունակվել են սննդամթերքի սպառման և քիմիական վտանգների պարունա-կության տվյալների համադրմամբ ռիսկի գնահատման աշխատանքները: ՀՀ-ում արտադրված հում կաթի մեջ որոշ քիմիական վտանգների՝ քլորամֆենիկոլ (լևոմիցետին), ստրեպտոմիցին և դեքսամետազոն դեղամիջոցների ներգործությամբ պայմանավորված հանրային առողջապահական ռիսկերը հավանական չեն։
- ՀՀ արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձկան մսի մեջ հետազոտված հակամանրէային նյութերից ամոքսացիլինի և բենզիլպենիցիլինի մնացորդային պարունակությունները նմուշների 2%-ում գերազանցել են թույլատրելի մակարդակները։ Բնակչության կողմից ձկան սպառման արդյունքում հակամանրէային նյութերի՝ հակաբիոտիկների և ազոլների ներգործությամբ պայմանավորված քրոնիկ ռիսկերը թույլատրելի տիրույթում են:
- Լանդշաֆտների էկոլոգիական մոնիթորինգի հեռազննման համակարգի ստեղծման նպատակով շարունակվել են Հայաստանում արբանյակային լուսանկարների հավաքագրման և մշակման բազմաչափ տեղեկատվական համակարգի (տեղեկատվական խորանարդ, http://datacube.sci.am) ստեղծման աշխատանքներն Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ժնևի համալսարանի հետ:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակում շարունակվել են Սևանա լճի կենսառեսուրսների գնահատման աշխատանքները։ Խեցգետնաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Սևանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վիճակը շարունակում է վատանալ:
- Ձկնային պաշարների փոփոխությունները տարեսկզբին և տարեվերջին պարզելու նպատակով ձայնախորաչափային դիտարկումներն ընթացիկ տարում իրականացվել են ոչ միայն աշնանը, այլև ամռանը։ Տարեսկզբին սիգի ընդհանուր պաշարը լճի պելագիալում կազմել է 5049.28 տ, որի մեջ արդյունագործական պաշարների մասնաբաժինը կազմել է մոտ 757.39տ: Որոշվել է անհրաժեշտության դեպքում առաջարկել ձկան որսի լրացուցիչ քվոտայի հատկացում շուրջ 300 տոննա սիգի համար: Այսպիսով, 2022թ. ձկան որսի թույլատրելի ընդհանուր քվոտան կազմել է 600 տոննա:
- Շրջակա միջավայրի նախարարության պատվերով գնահատվել է 2022-23թթ. հիմնական որսատեսակների պոպուլյացիաների արդի վիճակը:
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ
- Ուսումնասիրվել է դեղերի թիրախային առաքման համակարգը, որպես թիրախի ճանաչման բաղադրիչ օգտագործվել են լեկտինները, իսկ որպես տրանսպորտային համակարգ՝ ֆերիտինը (երկաթի պահեստային սպիտակուց): Բակտերիաների ճանաչման համար ցորենի սերմերից ստացվել է մանոզի և N-ացետիլ գլյուկոզամինի նկատմամբ սպեցիֆիկ լեկտին: Դեղորայքի բեռնման համար ստացվել է երկաթից զուրկ ապոֆերիտին՝ ցածր pH-ի պայմաններում նատրիումի դիթիոնիտով մշակված: Լեկտինը, որպես բակտերիա կապող սպիտակուց թեստավորելու համար օգտագործվել են լեկտինով սենսիբիլիզացված անիզոտրոպ արծաթի նանոմասնիկներ: Այսպիսի նանոմասնիկների և բակտերիաների փոխազդեցությունը հանգեցրել է նանոմասնիկների օպտիկական սպեկտրի փոփոխությանը: Ցույց է տրվել, որ ստացված լեկտինը կապում է B.subtilis-ը: Հաջորդ փուլում ստացվել է լեկտին-ապոֆերիտին կոնյուգատը: Ապոֆերիտինը լիցքավորվել է հակաբիոտիկով ստանդարտ մեթոդով՝ ֆերիտինի մեկ մոլեկուլին բաժին է ընկել հակաբիոտիկի 10-15 մոլեկուլ: Հայտնաբերվել է, որ կոնյուգատի հակաբակտերիալ ակտիվությունը զգալիորեն բարձր է ազատ հակաբիոտիկի համեմատությամբ:
- Հետազոտվել է ազնվամորուց անջատած սուպերօքսիդ գեներացնող կոմպլեքսի չափաբաժնի կախյալ ազդեցությունն աղիքային միկրոֆլորայի Lactobacillus acidophilus, L.rhamnosus և Bifidobacterium bifidum բակտերիաների ու Escherichia coli М 17 ոչ պաթոգեն շտամի աճի և զարգացման վրա: Կոմպլեքսի ազդեցությամբ լակտո և բիֆիդում բակտերիաների թիվն ավելացել է 4-8, իսկ E.coli բակտերիաներինը՝ 5-10 անգամ:
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
- Կազմակերպվել է Lactobacillus acidophilus MDC9602 և L. rhamnosus MDC9631 կաթնաթթվային բակտերիաների կիրառմամբ «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելման սերիական արտադրությունը։ Չեխիայի Հանրապետության «GESMED» ընկերության հետ կնքվել է արտադրանքը մատակարարելու պայմանագիր:
- Շարունակվել է «Նարինե» կաթնաթթվային մթերքի արտադրությունը մրգային և ըմպելի տարբերակներով և բնական օշարակների (ծիրան, դեղձ, սև թութ, բալ) կիրառմամբ: Շարունակվել է Lactobacillus acidophilus MDC9602 կաթնաթթվային բակտերիայի կիրառմամբ «Նարինե» կենսաբանորեն ակտիվ հավելման սերիական արտադրությունն աղիներում լուծվող դեղապատիճներով։
- Շարունակվել է գյուղատնտեսության համար անհրաժեշտ համալիր կենսապարարտանյութերի՝ «Էկոբիոֆիդ»-ի և «Էկոբիոֆիդ+»-ի արտադրությունը: Արտադրվել է շուրջ 3 տ կենսապարարտանյութ, որն իրացվել է հանրապետության տարբեր գյուղական տնտեսություններում:
- Շարունակվել է Հայաստանի դեղագործական շուկայում պահանջարկ ունեցող պատրաստուկների (3% և 30% ջրածնի պերօքսիդ, բորաթթու, մագնեզիումի սուլֆատ, կալիումի պերմանգանատ, ամոնիումի ջրային լուծույթ, գերչակի յուղ, գլիցերին, 5% յոդի լուծույթ) արտադրությունը: Պայմանագրային հիմունքներով վերոհիշյալ պատրաստուկներն իրացվում են «Նատալի-Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ֆարմ-Դոմ», «Յունիֆարմ», «Սանուս», «Արմֆարմացիա», «Ալտա» և այլ մեծածախ ցանցերում:
- Շարունակվել է չիչխանի, կտավատի, պուտավոր կաթնափուշի, նշի, սև և սպիտակ քունջութի, դեղձի, ծիրանի, սև չամանի, դդմի և սև սալորի կորիզների բնական բուսական յուղերի արտադրությունը, ինչպես նաև կազմակերպվել է նոր արժեքավոր բուսայուղի՝ նռան յուղի արտադրությունը։
ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
- Առաջին անգամ Հայաստան են ներմուծվել արժեքավոր տերևային բանջարեղեն թաթսոյը և աղցանային մանանեխը (Brassica juncea (L.) CZERN.), ընկուզավորներ գետնանուշը (Arachis hypogaea L.) և չուֆան (Cyperus esculentus L.), որոնք հարմարվել են Արարատյան դաշտի հիդրոպոնիկ պայմաններին և ձևավորել բարձր բերք:
- ԱՄՆ-ից ներմուծվել են նոր դեղաբույսի (Սուտերլանդիա թփային-Sutherlandia frutescens (L.) R.Br.), կանադական սպիտակ հուդայածառի (Cercis Canadensis f. alba «Royal White») սերմեր, Իտալիայից՝ սպիտակ հուդայածառի սերմեր (Cercis album), կատարվում են դրանց նախնական հետազոտություններ:
- Ինստիտուտում աճեցվում են մի շարք սննդաբույսեր և թեյաբույսեր, որոնք կարող են օգտագործվել որպես մթերքներ՝ թեյեր, հրուշակեղեն և այլն:
- Իրացվել են գիտափորձերի արդյունքում արտադրված մոտ 600 հատ տարբեր ծառաթփերի (կենսածառ, սոսի, գիհի, կաղնի, սոֆորա, հուդայածառ, մետաքսածառ) տնկիներ և բուսահումք:
- Մշակվել են ճշգրիտ գործնական ռադիոպաշտպանիչ առաջարկներ, որոնց կիրառումը հիդրոպոնիկայում և ագրոհամակեցություններում թույլ կտա ստանալ ռադիոէկոլոգիապես առավել անվտանգ բուսահումք:
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
- Բացահայտվել է միացություն, որը, ճնշելով պիրիմիդինային նուկլեոտիդների սինթեզում ներգրավված DHODH ֆերմենտի ակտիվությունը, ցուցաբերում է լայն սպեկտրի հակավիրուսային ակտիվություն վիրուսային տարբեր ընտանիքների ներկայացուցիչների (ԽԱԺՎ, կարդիովիրուս A, մարդու գրիպի A և B վիրուսներ, SARS-CoV-2) նկատմամբ:
- Վայոց ձորի մարզում (գ. Արտաբույնք, ծ.մ. 2050 մ բարձրություն) հիմնվել է խաղողի բարձրադիր օրգանական այգի, որպես այլընտրանք կլիմայական փոփոխություններին, որն իր բնույթով և ծավալներով առաջինն է Հայաստանում:
- Մշակվել է քիմիական նյութերի գենաթունային ակտիվությունը կանխագուշակող մոդել՝ հիմնված մեքենայական ուսուցման և խորը նեյրոնային ցանցերի ալգորիթմների վրա։ Մոդելը վավերացվել է անկախ տվյալների կիրառմամբ, Վյուրցբուրգի դեղաբանության և թունաբանության ինստիտուտում:
ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ
- Կոբրայի թույնի և խնկածաղկի եթերայուղի համակցված պրեպարատի հակացավային և հակաբորբոքային ազդեցությունների հետազոտությունն անցել է երկրորդ փուլ, ներկայում քննարկվում է քսուքի կրիչների ընտրության հարցը:
- Մշակվել են մարդու արյան պլազմայից ալբումինի և նորմալ իմունոգլոբուլինի պատրաստուկների արտադրության տեխնոլոգիաները, ստացվել են փորձնական առաջին նմուշները:
- Պարզաբանվել է կենդանական թույներից ստացված նեյրոպրոտեկտորների ազդեցությունը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելների վրա:
- Ավարտվել են մոդիֆիկացված նանոմասնիկների և 5-ֆտորուրացիլի համակցված ազդեցության վերլուծության աշխատանքները Քրոքերի սարկոմայի և ռաբդոմիոսարկոմայի աճի ու զարգացման ժամանակ:
- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համատեղ դրամաշնորհի շրջանակում իրականացվել են «Վիրտուալ իրականությունը որպես կախվածության գնահատման և շտկման միջոց» հետազոտությունները, ապա-բջջայնացված ծայրամասային նյարդերի վրա Էլեկտրահաղորդիչ նյութերի ազդեցությունների գնահատման աշխատանքները, կարճաժամկետ պլաստիկութ-յունը որպես ախտաբանական կենտրոնական թիրախների և Ալցհեյմերի հիվանդության բուժման բացահայտման մարկեր մշակումների առաջին փուլը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 20.04.2023թ.
|
|
|
|
|
Анонсы
Публикации в прессе
22/12/2024
1lurer.am |
19/12/2024
lratvakan.am |
16/12/2024
1tv.am |
13/12/2024
ShoghakatTVcompany |
с 01.01.2005г. сайт посещался 7 188 337
раз
|
|