Սույն թվականի ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Գիտություն․ հանրամատչելիացում, հանրայնացում, հանրահռչակում, զարգացում» ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուն կազմել է ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ Կամո Աթայանը և ներկայացրեց ժողովածուն ու վարչության ծրագրերը։

«Մատաղ սերնդի հետաքրքրությունը գիտության նկատմամբ ընկնում է, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ստեղծվում են հատուկ ստորաբաժանումներ, վարչություններ, որ կարողանան գիտության արգասիքները հնարավորինս հանրամատչելի ներկայացնել հանրության տարբեր շերտերին։ Մեր նորաստեղծ վարչությունը սկսեց ծրագրեր մշակել այդ ուղղությամբ։ Գաղափարներից մեկը հենց այս գրքին էր վերաբերում։ Ժողովածուում զետեղված են հայտնի գիտնականների հետ հարցազրույցներ, որտեղ ներկայացված են մեր գիտնականների կարծիքները գիտության հանրամատչելիացման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև հանրամատչելի գիտական նյութեր։ Ժողովածուն անդրադառնում է գիտական ուղղությունների հանրամատչելիացման նրբություններին և մեխանիզմներին, գիտության հանրայնացման արդի խնդիրներին»,- ասաց Կամո Աթայանը։

Շնորհանդեսին մասնակցեցին և ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Սահակյանը, ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության առաջատար մասնագետ Արթուր Ղարագյոզյանը և ուրիշներ։

Շնորհանդեսի մասնակիցները կարևորեցին գրքի հրատարակումը, ներկայացրին գիտության հանրայնացման, գիտական արդյունքների հանրամատչելի ներկայացման իրենց փորձը, խոսեցին գիտական լրագրության զարգացման կարևորության, բնական և ճշգրիտ գիտությունների նկատմամբ երիտասարդ սերնդի հետաքրքության բարձրացման անհրաժեշտության մասին։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.04․2025թ․