Սույն թվականի մարտի 26-ին՝ տեղական ժամանակով 23:11:39-ին (UTC 19:11:39) և 23:43:34-ին (UTC 19:43:34) հայ-վրացական սահմանային գոտում՝ Ջավախքի սեյսմաակտիվ լեռնաշխարհի հարավային հատվածում, արձանագրվել են միմյանց հաջորդած M=2.1 և M=2.8 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10կմ և11կմ խորություններով երկրաշարժեր։ Էպիկենտրոնների աշխարհագրական կոորդինատներն են, համապատասխանաբար, հյուսիսային լայնության φ=41.1550N, արևելյան երկայնության λ=43.8580E և հյուսիսային լայնության φ=41.1280N, արևելյան երկայնության λ=43.8510E: Միմյանց հաջորդած սեյսմիկ իրադարձությունների էպիկենտրոնները գտնվում են Վրաստանի Հանրապետության Նինոցմինդա շրջանի Սամեբա բնակավայրից 4 կմ արևելք և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք շրջանի Սարագյուղ բնակավայրից 3կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժերն արձանագրվել են ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից։
Երկրաշարժերի էպիկենտրոններն իրենց տարածական տեսանկյունից տեղաբաշխված են 1959թ. տեղի ունեցած Մադաթափայի (M=5.2) և 1999թ. տեղի ունեցած Բավրայի (M=4.4) միջին ուժգնությամբ երկրաշարժերի օջախային գոտիներում:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27․03․2025թ․