Սույն թվականի նոյեմբերի 7-10-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ այցելեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը մասնակցեց Պեկին քաղաքում կազմակերպված Ազգային գիտական կազմակերպությունների առաջին միջազգային գիտական ֆորումին` նվիրված «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնությանը: Ֆորումի գլխավոր նպատակն էր ազգային ակադեմիաների և հետազոտական կազմակերպությունների միջև գտնել համագործակցության մեխանիզմներ՝ աջակցելու համատեղ հետազոտությունների իրականացմանը, կարողությունների զարգացմանը: Ֆորումին մասնակցում էին 67 երկրների 420 ներկայացուցիչներ: Ֆորումի քննարկման հիմնական ուղղությունները 4-ն էին՝
1. շրջակա միջավայր և կայուն զարգացում
2. ընդունելի և կանաչ տեխնոլոգիաներ
3. զարգացող հիվանդություններ և առողջություն
4. կարողությունների զարգացում, անձնակազմի թրեյնինգներ և հիմնարար հետազոտություններ:
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը ֆորումին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի վերաբերյալ ուսումնասիրությունները և արդյունքները: Ֆորումի ավարտին ընդունվեց «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկին հռչակագիրը»: Հռչակագրով ֆորումին մասնակցող 20 ազգային գիտական և հետազոտական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով միավորել ջանքերը՝ հանուն ընդհանուր զարգացման ուժեղացնել համագործակցությունը գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում, ստեղծել համատեղ նորարարությունների իրականացման հարթակ և համագործակցության երկարաժամկետ մեխանիզմներ՝ կենտրոնանալով խոշոր մարտահրավերների հաղթահարման վրա, կազմակերպել համատեղ միջազգային ծրագրեր՝ հիմնված հավերժական արժեքների՝ խաղաղության և համագործակցության, թափանցիկության, ներգրավվածության, փոխադարձ ուսուցման և փոխշահավետության վրա:
Չինաստան այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահների հետ: Կողմերը քննարկեցին երկու երկրների գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները, գիտական և հետբուհական կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտ ապագայում Չինաստանի ակադեմիաների պատվիրակությունները կժամանեն Հայաստան՝ ամրապնդելու և խորացնելու երկու երկրների գիտական կառույցների միջև առկա համագործակցությունը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15.11.2016թ.