Սույն թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացավ համակարգի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին և առկա խնդիրներին:
Ողջունելով գիտնականներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկեց քննարկումն անցկացնել հետևյալ հարցերի շուրջ` ինչպես կառուցել ՀՀ ԳԱԱ – կառավարություն հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա, որպեսզի գիտնականը արժանավայել ապրի և որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ գործունեության արդյունքները, նվաճումներն ու անելիքները:
Մասնավորապես նա նշեց Հայաստանի գիտության դերը միջազգային գիտական շրջանակներում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2015թ. գիտության զեկույցի համաձայն՝ Սևծովյան տարածաշրջանի 10 երկրների շարքում Հայաստանը 10 տարվա ընթացքում կրկնապատկել է գիտական հոդվածների թիվը մեկ միլիոն բնակչի հաշվարկով` 122-ից հասցնելով 215-ի: 2007-2015թթ., ԵՄ ծրագրերին մասնակցելով, Հայաստանի 35 նախագծից 22-ը իրականացրել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտները: Ներկայումս ՀՀ ԳԱԱ ինստիտուտները մասնակցում են հետազոտությունների և նորարարության ոլորտի խոշորագույն ծրագրին՝ «Հորիզոն 2020»-ին, համագործակցություն ծավալում Ռուսաստանի և ԵՏՄ երկրների գիտական կենտրոնների հետ՝ իրականացնելով համատեղ կիրառական և տեսական բնույթի հետազոտություններ:
Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի՝ ՀՀ ԳԱԱ-ն մոտակա տարիներին պատրաստվում է՝
- ամրապնդել գիտահետազոտական կազմակերպությունների կարողությունները հիմնարար և կիրառական հետազոտությունների շարունակականության և զարգացման համար
- զարգացնել ենթակառուցվածքներ և e-ենթակառուցվածքներ
- պատրաստել բարձրորակ գիտական և գիտատեխնիկական կադրեր
- ներկայացնել կիրառական մշակումների նորարարական առաջարկներ
- էականորեն ընդլայնել միջազգային համագործակցությունը:
Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Աշոտ Սաղյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Պավել Ավետիսյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: Բարձրացվեցին նոր շուկաների նվաճման, հիմնարար գիտության զարգացման, կիրառական արդյունքի ապահովման խնդիրներ:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Յուրաքանչյուրը հասկանում է, որ Ֆունդամենտալ գիտությունը անկախ կիրառական արդյունքից պետք պահպանվի: Բոլոր մնացած ինստիտուտները, որոնք կարող են կիրառական արդյունք ունենալ, պետք է աշխատեն դրա վրա, և այդ կիրառական արդյունքի համար մենք պետք է ձեզ մաքսիմալ կերպով աջակցենք»:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09.12.2016թ.