Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակին։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց, որ Պարույր Սևակի թողած ժառանգությունը բազմաշերտ է, և այս գիտաժողովը հնարավորություն է մանրամասն անդրադառնալու մեծ բանաստեղծի գիտական և գրական գործունեությանը։ «Մեծանուն արվեստագետների և մտավորականների թողած գրական վաստակը ներկայացնելու և վերարժևորելու ընթացքում որոշակի մտավախություններ են առաջանում կաղապարային մոտեցումներին տուրք տալու առումով։ Այդ մտավախության ռիսկերի չեզոքացման կարևոր նախապայմաններից մեկն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն է», - ասաց նախարարը։
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց Պարույր Սևակի անցած ուղին որպես գիտնական, գրականագետ, հասարակական գործիչ, նրա գործունեությունը Հայկական ԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ «Մեր խնդիրն է այսօրվա չափանիշներով մեկ անգամ ևս արժևորել Պարույր Սևակի թողած հարուստ
ժառանգությունը՝ և՛ գրական, և՛ գիտական, որպեսզի իրազեկվի այսօրվա սերունդը Սևակի համամարդկային և հայրենասիրական գաղափարներին, հայ մարդու քաղաքակրթական մակարդակը բարձրացվի այդ գաղափարների հիմքի վրա և այդ ամենը՝ ի շահ մեր պետականության հզորացման և զարգացման», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանն իր ելույթում ասաց․ «Պարույր Սևակն ի ցույց դրեց ստեղծագործող մարդուն բնորոշ հոգեկան վիճակները, արդարություն և ճշմարտություն որոնող անհատի մտատանջանքները: Սևակի որոնածը լույս էր, լույս՝ դարերի համար, լույս՝ իր ազգի համար, լույս՝ մարդկության համար: Սևակի որոնածը կյանքը հրաշք դարձնող զնգոցն էր բահի, պտղավորումը՝ այգու, փոշոտումը՝
արտի, սեղանի վրա դրված ցորենհացը՝ հունցված ազնիվ թթխմորով, անխարդախ գինին՝ մարդու սիրտը երգով լցնող: Սևակը, անշուշտ, ոչ միայն գտել, այլև մեզ համար բանաձևել էր այդ ամենը չկորցնելու ճանապարհը, այն է՝ կարողանալ մաքրվել, ինքնամաքրվել «այնպես, ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում»», - ասաց Հերիքնազ Որսկանյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։
«Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Պարույր Սևակի տուն-թանգարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․11.2024թ․