Սույն թվականի ապրիլի 22-ին և 23-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով:
Ապրիլի 23-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2023 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2023 թվականի գիտակազմակերպական գործունեությունը:
Տարեկան ժողովի ընթացքում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ 2023թ․ մրցանակների հանձնման արարողությունը։
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ Արմաիս Կամալովը հանդես կգա «Ժամանակակից տեխնոլոգիաները բժշկության մեջ» զեկուցմամբ։
Նույն օրը՝ ժամը 10:30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կբացվի «Գիտություն» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր ԲՈՒՀ-երը և ՀՀ ԿԳՄՍՆ ու ԳԱԱ գործընկերները: Բացօթյա ցուցահանդեսի տաղավարներում կցուցադրվեն գիտական փորձեր, կանցկացվեն վիկտորինաներ։
ՀՀ ԳԱԱ բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները տեղի կունենան ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-ին: ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/2), ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝
ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ), ՀՀ ԳԱԱ Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24ա), ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/4):
Բաժանմունքների 2023 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները: Գիտական զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ գիտնականներ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.04.2024թ․