«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։ Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում մրցունակ ու նորարական հետազոտությունների կատարմանը, խթանել որակյալ անգլիալեզու հոդվածների պատրաստումն ու հրատարակումը։
Դրամաշնորհներ են տրվելու երկու-երեք երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը ՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 25-ը:
Հայտատուն պետք է հանդիսանա խմբի ղեկավարը, ով կարող է լինել առկա/հեռակա ուսուցման ասպիրանտ, հայցորդ կամ առնվազն կրտսեր գիտաշխատող, գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական, որն ունի մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում կամ գիտական աստիճան և ներկայացնում է առնվազն երկու գիտական հոդված՝ հրատարակված ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված ամսագրերից մեկում վերջին երկու տարվա ընթացքում։
Խմբի բոլոր անդամները պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում կամ Արցախում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնականներ, ում 36 տարին չպետք է լրացած լինի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը: Երեխա(ներ) ունեցող կին երիտասարդ գիտնականների պարագայում մինչև 36 տարեկանի տարիքային շեմը ենթակա է վերանայման՝ յուրաքանչյուր երեխայի համար ավելացնելով լրացուցիչ մեկ տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկանց համար՝ մինչև 38 տարեկան:
Խումբը կարող է ունենալ արտասահմանյան խորհրդատու, ով պետք է լինի օտարերկրյա գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, և նրա Հիրշի ինդեքսը (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3:
Հետազոտությունը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հետազոտության ավարտին, խումբը պետք է ունենա միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», կամ «Scimago Journal & Country Ranking (SJR)» https://www.scimagojr.com/journalrank.php պորտալում՝ առնվազն Q4 քառորդում) ընդգրկված ամսագրերից մեկն ուղարկված (submitted) անգլիալեզու գիտական հոդված, որն առնվազն պետք է ընդունված լինի խմբագրի կողմից և ներկայացված առաջին գրախոսականին (review)։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ հայտին՝ այստեղ։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․08․2023թ.