Սույն թվականի մարտի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը և ՌԴ Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Դմիտրի Շյոգոլևը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կարևորեց երկու գիտակրթական կազմակերպությունների համագործակցության խորացումը։
![](https://www.sci.am/images/2021/230324_173258_b_20230324_body1.jpg)
Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Դմիտրի Շյոգոլևը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանին համագործակցության համար։ «Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կնպաստի ոչ միայն մեր երկու կազմակերպությունների, այլ նաև մեր երկու պետությունների միջև համագործակցության խորացմանը», - ասաց նա։
Աննա Ասատրյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը հայ արվեստագիտության գլխավոր կենտրոնն է, Հայաստանում միակ գիտական հաստատությունը, որի գործունեության գլխավոր ոլորտը հայ արվեստի գրեթե բոլոր տեսակների պատմության և տեսության հիմնախնդիրների ուսումնասիրությունն է։ «Մենք կարևորում ենք ինստիտուտի միջազգային գիտական համագործակցությունը։ Այս համաձայնագրի ստորագրմամբ հիմք է դրվում սերտ և արդյունավետ համագործակցության։ Վստահ եմ, որ այն կդառնա հայ-ռուսական գիտական և գեղարվեստական բեղմնավոր կապերի ևս մեկ վառ դրսևորում և կնպաստի մեր ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը», - ասաց Աննա Ասատրյանը։
![](https://www.sci.am/images/2021/230324_173304_b_20230324_body.jpg)
Համաձայնագրով կողմերը պայմանավորվեցին համագործակցել հետևյալ ուղղություններով՝
- հետազոտողների փոխանակում արվեստի, ճարտարապետության, ճարտարապետական միջավայրի ձևավորման, ճարտարապետական և պատմամշակութային ժառանգության վերականգնման ոլորտներում
- մասնագիտական ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների իրականացում
- համատեղ գիտական և գիտագործնական սեմինարների, գիտաժողովների անցկացում
- համատեղ մշակութային միջոցառումների և նախագծերի իրականացում
- գիտական նյութերի, հրապարակումների, տեղեկատվության փոխանակում
- համատեղ հրապարակումներ:
![](https://www.sci.am/images/2021/230324_173355_b_20230324_body4.jpg)
Հանդիպման ժամանակ զեկուցումներով հանդես եկան Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչ, համալսարանի գլխավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աննա Գելֆոնդը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ արվեստի
![](https://www.sci.am/images/2021/230324_173345_b_20230324_body3.jpg)
վաստակավոր գործիչ Արարատ Աղասյանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Տեր-Մինասյանը, Նիժնի Նովգորոդի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի արդյունաբերական դիզայնի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի դիզայներների միության միջազգային ասոցիացիայի անդամ Օլեգ Պրոխոժևը, համալսարանի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Դմիտրի Մոնիչը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.03.2023թ.