Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» խորագրով աշխատաժողով։
Աշխատաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ «Հարավային Կովկասի տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդները՝ հայերն ու իրանցիները, նրանց ստեղծած քաղաքակրթությունները հազարամյակների փոխառնչությունների պատմություն ունեն։ Մեր տարածաշրջանում իրանական քաղաքակրթության ազդեցությունն ակնհայտ է։
Այսօր աշխարհում այնպիսի գործընթացներ են ընթանում, երբ որոշ պետություններ, որոշ ժողովուրդներ փորձում են յուրացնել ուրիշ պետությունների, ուրիշ ժողովուրդների մշակույթը, քաղաքակրթությունը։ Այս գործընթացները մեր տարածաշրջանում նույնպես ակնհայտ են։ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել, յուրացնել, սեփականաշնորհել ոչ միայն հայերի և իրանցիների պատմությունը և մշակութային ժառանգությունը, այլ նաև այլ բնիկ ժողովուրդների՝ վրացիների, իրանախոս ժողովուրդների, Աղվանքի ժառանգորդներ համարվող կովկասյան որոշ ժողովուրդների մշակույթը և ժառանգությունը: Դրանով այդ երկիրը փորձում է հնացնել իր պատմությունը։ Իհարկե, սա անընդունելի է մեզ համար։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը և փորձենք հակադարձել այդ քաղաքականությանը, որն արվում է պետական մակարդակով», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ հայերն ու իրանցիներն ունեն շատ ընդհանրություններ ինչպես աշխարհագրական, այնպես էլ մշակութային ու պատմական: «Աշխարհագրորեն հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը տարածված է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական սահմաններից դուրս, իսկ Հեռավոր Արևելքից մինչև Եվրոպայի սիրտն ընդգրկող այս մեծ աշխարհագրական տարածքում կան իրանական պատմական և քաղաքակրթական ժառանգության նմուշներ: Այդ ժառանգության բազմաթիվ նմուշներ կան նաև Հարավային Կովկասում: Իրանական այդ ժառանգության մի մասը դեռ պահպանված է, սակայն մի մասը տարբեր պատճառներով ենթարկվել է ոչնչացման կամ աղավաղման:
Ցավոք, երկար ժամանակ մենք ականատես ենք եղել տարածաշրջանի ժողովուրդների պատմական փաստերը խեղաթյուրելու կամ նույնիսկ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձերի: Այս ջանքերը թիրախավորել են տարածաշրջանի բնակիչների թե՛ նյութական և թե՛ ոչ նյութական ժառանգությունը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նման գործողությունների ակունքներին, մեթոդներին և նպատակներին։ Մենք պետք է գիտակցենք այդ առնչությամբ մեր պարտականությունները և ձեռնարկենք համապատասխան քայլեր», - ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին։
Դեսպանը նշեց, որ այլ ժողովուրդների ժառանգությունը ժխտելը կամ խեղաթյուրելը հաճախ ուղեկցվում է վտանգավոր քաղաքական նպատակներով: «Մշակութային ժառանգությունն ավելի լավ ճանաչելու ջանքերը, հավանաբար, կհանգեցնեն այդ ժառանգության փաստագրմանը և հիմք կհանդիսանան առավել խորն ուսումնասիրությունների իրականացման, խեղաթյուրման, կանխարգելման և մշակութային ժառանգության պահպանման շուրջ կոնսենսուսի հասնելու համար հող նախապատրաստելուն։ Այս արժեքավոր գիտաժողովը պետք է առաջին քայլը լինի այս կարևոր ճանապարհին: Մենք պետք է անենք ավելին, որպեսզի ճանաչենք մեր ժառանգությունը, փաստագրենք այն և փորձենք պահպանել», - ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին։
Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը նշեց, որ երկու պետությունների փոխադարձ համագործակցության հիմքը հենց մշակութային ճանաչողությունն է։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը նշեց՝ պետք է միավորվել և ուժ գտնել՝ դիմակայելու մարտահրավերներին․ «Ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր է լուծել ծառացած առկա խնդիրները: Այս աշխատաժողովը նոր լույս կսփռի Հայաստան-Իրան բազմադարյա հարաբերությունների վրա։ Կքննարկենք Կովկասում առկա իրանական հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը, կխոսենք Ադրբեջանի կողմից այդ հուշարձանների սեփականացման փորձերի մասին»։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23.12.2022թ.