Սույն թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է վերլուծել ու քննարկել քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակն ու առաջընթացը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը՝ ներկայացնելով գիտաժողովի ծրագիրը:
Մասնակիցներին ողջունեցին Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Լևոն Թավադյանը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:Գիտաժողովի թեմաներն են՝
- Անօրգանական նյութերի և միացությունների քիմիան և տեխնոլոգիան
- Հանքային և երկրորդային հումքի վերամշակման քիմիա-մետալուրգիական գործընթացները
- Սիլիկատների և հատուկ մաքրության նյութերի տեխնոլոգիա
- Հոմոգեն, նանոչափ և կոմպոզիցիոն նյութերի տեխնոլոգիա
- Գերկարծր նյութերի քիմիա և քիմիական տեխնոլոգիա
- Կոմպլեքս միացությունների քիմիա
- Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և սարքավորումներ
- Քիմիական և մետալուրգիական արտադրությունների էկոլոգիական հիմնախնդիրները
- Քիմիական արտադրությունների, տեխնոգեն և բնական օբյեկտների նկատմամբ վերլուծություն և վերահսկողություն
- Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ոլորտների կրթական համակարգ
- Հավելման տեխնոլոգիաներ
Գիտաժողովին մասնակցում են անվանի քիմիկոսներ, տեխնոլոգներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրանիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իսրայելից:
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՌԴ ԳԱ Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Դ.Ի. Մենդելեևի անվան ռուսական քիմիական ընկերության, ՌԴ ԳԱ «Քիմիական տեխնոլոգիաներ» գիտական խորհրդի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության պետական կոմիտեի և ՀՀ ԳԱԱ ֆինանսական աջակցությամբ:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
23.09.2019թ.