Վարդան Գրիգորյանը ծնվել է 1934թ. ապրիլի 8-ին Իրանի հյուսիսային շրջանում` երբեմնի հայաշատ Թավրիզ քաղաքում: Նա ունեցել է ծանր մանկություն, դժվար պատանեկություն: Պապիկը, ում ձերբակալել էին քաղաքական մեղադրանքներով, մահացել է բանտում, մայրը` Շուշանիկ Միրզայանը, 26 տարեկանում մահացել է թոքաբորբից, երբ փոքրիկ Վարդանը դեռ 6 տարեկան էր: Հայրը` Սամվել Գրիգորյանը, որ աշխատում էր Անգլո-իրանական նավթային գործարանում որպես հաշվապահ, Վ. Գրիգորյանի խոսքերով, գտնվում էր իրենից «ֆիզիկապես և հոգեպես շատ հեռու»: Վարդան Գրիգորյանի և նրա քրոջ` Եվգենիայի (Օժիկի) դաստիարակությամբ զբաղվել է մայրական տատը`Ոսկին, որը երեխաներին մեծացրել է՝ շրջապատելով մեծ սիրով և քնքշանքով: Չլինելով գրաճանաչ` տատիկը լեգենդների ու հեքիաթների միջոցով երեխաների մեջ սերմանել է ինքնասիրություն և պատվախնդրություն: Տատիկի գլխավոր խորհրդին Վարդան Գրիգորյանը հետևել է մինչև իր կյանքի մայրամուտը. «մարդուց հետո մնում են միայն նրա բարի անունը և բարի գործերը»: Տատիկին հաջողվել էր նաև փոքր հասակում երեխաների մեջ սերմանել սեր՝ առ կրթություն: Փոքրիկ Վարդանը մեծացել է ընչազրկության, զրկանքների մեջ, սակայն միշտ մեծ հիացմունքով է խոսել Թավրիզի հայկական թաղամասի մասին: Վարդանը կարողանում է դիմագրավել ճակատագրի հարվածներին՝ շնորհիվ իր ընկերների, որոնց հետ նա փողոցում անցկացնում էր գրեթե ողջ ժամանակը՝ այցելելով եկեղեցական պատարագների և ամերիկյան-վեսթերն ֆիլմերի դիտումների: Բայց նրա մեծագույն հանգրվանը գիրքն էր: «Գրքերը փրկեցին ինձ բանտից և տեղափոխեցին ինձ հեռավոր, բայց հիասքանչ ու հնարավորություններով լի մի աշխարհ: Աշխարհ, ուր կյանքը հիասքանչ է, արդար, կրքոտ, էներգիայով լի, կարեկցող և հաճելի»,-գրել է նա իր «Ճանապարհ դեպի տուն: Իմ կյանքը և ժամանակները» հուշերում:
Վարդան Գրիգորյանն իր նախնական կրթությունը ստացել է Իրանում: Նա բավական լավ էր սովորում դպրոցում և շուտով աչքի է ընկնում: Վարդան Գրիգորյանի խոսքով՝ իր կյանքում հայտնվում են օտար մարդիկ, որոնք էլ անշեղորեն փոխում են իր ողջ կյանքը: Նրանցից առաջին «օտար», բայց հարազատ մարդը Էդգար Մալոյանն էր, որ այդ տարիներին Թավրիզում Ֆրանսիայի փոխհյուպատոսն էր:
1948թ. Մալոյանը խորհուրդ է տալիս Վարդանին մեկնել Լիբանան և շարունակել կրթությունը՝ տալով նրան երեք երաշխավորագիր-նամակ. առաջինը՝ Լիբանանի ներքին գործերի ղեկավարին, երկրորդը՝ Հայկական քոլեջի տնօրենությանը, երրորդը՝ այն հյուրանոցին, որտեղ պետք է ապրեր Գրիգորյանը: Կարելի է վստահաբար ասել, որ Մալոյանը դառնում է նրա հովանավորը:
Գրիգորյանի կյանքի մեկ այլ «օտար», բայց մեծ օգնություն ցուցաբերած անձնավորությունը Հրայր Ստեփանյանն էր՝ Թավրիզի ակնոցագործը, որն օգնեց 14-ամյա տղային ձեռք բերել անձնագիր. «Հայրս ասաց, եթե ինքնուրույն կարող ես ձեռք բերել անձնագիր, ապա թույլ կտամ մեկնես: Նա ենթադրում էր, որ 14 տարեկան ոչ մի երեխա չի կարող ձեռք բերել անձնագիր: Ակնոցագործը վերցրեց ինձ իր հովանու ներքո»: Հենց նրա շնորհիվ է, որ Վարդանը ստանում է անձնագիրը և մեկնելու ծախսերը:
15 տարեկան հասակում նա մեկնում է Բեյրութ (Լիբանան)՝ ուսանելու հայկական լիցեյում: Սկսվում է անհատի կերտման գործընթացը, որն արդեն անշրջելիորեն ուղղորդում է միայն դեպի նորանոր բարձունքներ:
Մեկ տարում Վարդանը պետք է սովորեր արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն: Գրպանում՝ չնչին գումար, հաճախ անոթի, նա հաղթահարում է դժվարությունները և դառնում լավագույն ուսանող ու արժանանում ավարտական ճառ ասելու պատվին: Վարդանը դառնում է Սիմոն Վրացյանի` Հայաստանի առաջին հանրապետության նախկին վարչապետի՝ այդ պահին կրթական հաստատության տնօրենի անձնական խորհրդականը: Ծանոթանում է և շատ բան սովորում Լևոն Շանթից:
Սիմոն Վրացյանը խորհուրդ է տալիս Գրիգորյանին մեկնել Միացյալ Նահանգներ և շարունակել կրթությունը` միաժամանակ խոստանալով ցուցաբերել նյութական աջակցություն:
1956թ. Գրիգորյանը դիմում և ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի և Սթենֆորդի համալսարաններ: Սակայն ճակատագրի բերումով սովորում և գերազանց ավարտում է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա մասնագիտանում է պատմության և հումանիտար գիտությունների ոլորտում:
1958թ. Գրիգորյանը սկսում է աշխատել դոկտորական ատենախոսության ուղղությամբ՝ զուգահեռաբար աշխատելով որպես պրոֆեսորի օգնական: Գրիգորյանը փորձում է Եվրոպայի և Միջին Արևելքի պատմության վերաբերյալ դոկտորական ատենախոսություն պաշտպանել: Ուսանելու տարիներին հանդիպում է իր ապագա կնոջը` Քլերին, ում հետ էլ ամուսնանում է 1960թ.:
1960-ականների սկզբներին նա արդեն դասավանդում է Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում: 1961թ. Գրիգորյանը Քլերի հետ այցելում է Բեյրութ` հանդիպելու Վրացյանին: Հենց այդ օրերին էլ ծնվում է նրանց առաջնեկը` Վահե Գրիգորյանը: Որոշ ժամանակ անց լույս աշխարհ է գալիս Րաֆֆին:
1969թ. Գրիգորյանը հրատարակում է իր առաջին մենագրությունը՝ «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը: Քաղաքականության փոփոխականությունը և արդիականացումը 1880-1946թթ.», որը բավական բարձր գնահատականի է արժանանում ակադեմիական շրջանակում: Հենց այդ նույն տարվա ընթացքում Գրիգորյանը պրոֆեսորի հաստիքով հրավիրվում է աշխատելու Թեքսասի Օստինայի համալսարանում: Նրա հեղինակությունը և համբավը տարեց տարի մեծանում է: 1971 թվականին նրան աշխատանքի են հրավիրում Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարան: 1974թ. նա Արվեստի և գիտության ֆակուլտետի դեկանն էր, 1978թ. սեպտեմբերի 20-ին նրան առաջարկվում է Փենսիլվանիայի համալսարանի փոխռեկտորի պաշտոնը: 1979թ. դեկտեմբերին Գրիգորյանը առաջարկ է ստանում` ղեկավարելու Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանը, սակայն հրաժարվում է այդ բարձր պաշտոնից՝ հավատարիմ մնալով իր համալսարանին, քանի որ այդ պահին Փենսիլվանիայի համալսարանում առկա էին լուրջ և չլուծված խնդիրներ: Բնականաբար այդ խնդիրները լուծելով հանդերձ Գրիգորյանն ակնկալում էր, որ կդառնա Փենսիլվանիայի համալսարանի հաջորդ նախագահը, հատկապես որ ուներ համակիրների լուրջ բանակ: Սակայն 1980թ. նա նախընտրում է թողնել Փենսիլվանիայի համալսարանի փոխռեկտորի պաշտոնը, քանզի զգում էր, որ իր նկատմամբ անարդարացի վերաբերմունք կա, և չի գնահատվել իր ողջ ներդրումը Փենսիլվանիայի համալսարանի զարգացման գործում:
1981թ. Գրիգորյանի առջև բացվում են Նյու Յորքի հանրային գրադարանի դռները: Նրան առաջարկում են ղեկավարել այդ գրադարանը: Հայտնի է նրա ճառը որպես արդեն գրադարանի նախագահ. «Նյու Յորքի Հանրային գրադարանը հենց Նյու Յորքն է, այն ազգային հարստություն է, գրադարանի հետազոտական ֆոնդերն անգին են, այն պետք է ավելի լավ ուսումնասիրվի, առավել գնահատվի, խորապես հարգվի և պետք է գտնվի առավել լավ պայմաններում»: Նա մեծ հաջողությամբ վերականգնում է գրադարանի հեղինակությունը և նրա դերը ամերիկյան մշակութային կյանքում: Շուտով Գրիգորյանը ստանում է Բրաունի համալսարանը ղեկավարելու առաջարկ:
Գրգորյանին հաջողվում է ոտքի կանգնեցնել Նյու Յորքի հանրային գրադարանը և այն հանձնել վստահելի անձանց: «Նյու Յորք Թայմս» թերթը Գրիգորյանի հեռանալու կապակցությամբ գրում է մի մեծ հոդված՝ «Նյու Յորքը կորցնում է Առյուծին» վերտառությամբ: Թերթում գրվում է. «Գրիգորյանը մեզ տվեց Ֆլորենցիան, Աթենքը և Կարթագենը, և մենք խոնարհվում ենք նրա հոյակերտ ընծաների առջև»:
Նրա կատարած աշխատանքը գրադարանում արժանանում է բարձր գնահատականի: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը նրան շնորհում է «Ազգային հումանիտար գիտությունների» մեդալ: Ազգային գրադարանի վերականգնման համար ընթերցասրահը կոչում են Գրիգորյանի անունով:
1988թ. օգոստոսի 31-ին Գրիգորյանը դառնում է Բրաունի համալսարանի 16-րդ նախագահը: Նրա ղեկավարած ինը տարիների ընթացքում Բրաունի համալսարանը արձանագրում է որակական նոր վերելք, բարելավվում է կրթական այդ հաստատության ֆինանսական վիճակը:
1997թ. Գրիգորյանին արվում է այնպիսի առաջարկ, որից նա չէր կարող հրաժարվել. դառնալ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահը: Հրաժեշտ տալով սիրելի համալսարանին՝ Գրիգորյանը փորձում է հաղթահարել նոր մարտահրավերը:
Քարնեգի կենտրոնը, որը հիմնվել է Էնդրյու Քարնեգիի կողմից 1911թ., նպատակ է հետապնդում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել պետություններին, քաղաքական կուսակցություններին և առանձին անհատների, որպեսզի նրանք գործեն՝ հանուն աշխարհի խաղաղության և մարդկանց կենսամակարդակի բարձրացման:
Քարնեգի կենտրոնն առաջինն էր, որ կոչ արեց բարելավել նախնական կրթության մակարդակը: Քարնեգի կենտրոնը նպաստում է ուսանողների կրթությանը, հետազոտական աշխատանքների իրականացմանը հումանիտար ոլորտում:
2004թ. Գրիգորյանն արժանանում է ամենաբարձր քաղաքացիական պարգևի: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը նրան շնորհում է նախագահական «Ազատության» մեդալը:
2003թ. Գրիգորյանը 2-րդ անգամ այցելում է Հայաստան և Ազգային գրադարանին նվիրում 10000 ԱՄՆ դոլար, որպեսզի հոգան գրադարանի կարիքները: Դրա շնորհիվ վերականգնվեց «Վերնատունը», և գնեցին պատճենահանողսարքեր:
Ունենալով կազմակերպչական բացառիկ ջիղ՝ Գրիգորյանը միևնույն ժամանակ մնում էր որպես փայլուն գիտնական, որ գրել է «Իսլամ. խճանկար և ոչ թե մոնոլիտ», «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը: Քաղաքականության փոփոխականությունը և արդիականացումը 1880-1946թթ.» աշխատությունները, ինչպես նաև «Ճանապարհ դեպի տուն: Իմ կյանքը և ժամանակները» կենսագրականը:
Գրիգորյանը հիրավի մեծագույն գիտնական է, պատմաբան, մանկավարժ, մշակութային և հանրային գործիչ, գերազանց ղեկավար: Ամերիկյան մի պարբերականում նրան բնութագրել են որպես «ֆենոմեն», որին ամեն ոք չէ, որ արժանանում է:
Հաշվի առնելով Վարդան Գրիգորյանի գիտական և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
2015թ. Վարդան Գրիգորյանը, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և դրա «Ավրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու համաշխարհային շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկա մարդասիրական մարտահրավերներին և կենտրոնանալով կարիքի մեջ գտնողներին օգնելու վրա:
2021թ. 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, մեծանուն հայ Վարդան Գրիգորյանը։ Ի հիշատակ հայրենասեր հային՝ նրա ընկերները՝ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին ստեղծել մի կրթաթոշակ՝ Վարդան Գրիգորյանի անունով, որի համաձայն այն կտրամադրվի երիտասարդ այն գիտնականներին և հետազոտողներին՝ հատկապես պատմության և հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության սակավ ուսումնասիրված դրվագները։
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար