| ||||||||
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը ծնվել է 1932 թ. նոյեմբերի 9-ին Կալիֆորնիայի նահանգի Թուլերի քաղաքում: Նրա հայրը` Գասպար Գավրոյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Բազմաշեն գյուղից էր: Գասպարի հորը տանում են «բանակ»` «կռվելու» Թուրքիայի թշնամիների դեմ, իսկ գերդաստանի կանանց ու երեխաներին քշում են դեպի Եփրատ գետ: Հենց այդ ժամանակ էլ մի քուրդ Գասպարին խլում է մոր ձեռքից և որպես ծառա տանում իր տուն: Հենց սա էլ դառնում է մանուկ Գասպարի փրկության, բայց և տառապանքների սկիզբը: 14-ամյա Գասպարն ականատես է լինում ցեղասպանության ողջ զարհուրանքին. գրեթե 2 տարի դեգերում է Արևմտյան Հայաստանում, կռվում Անդրանիկի գլխավորած բանակում: 1920թ. Կոստանդնուպոլսից փախչում է Ֆրանսիա, այնտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ: Հասնելով «ազատության» երկիր՝ նա որոշում է փոխել իր կյանքը՝ անցյալում թողնելով վիշտն ու անդառնալի կորուստը և նոր գերդաստանի հիմքը դնել: Սահմանն անցնելու համար Գասպարից պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ: Փաստաթուղթ չուներ, հարցնում են ազգանունը, չգիտեր, որոշում է հոր անունով իր ազգանունը կոչել Հովհաննիսյան: 1925 թ. Գասպարը հասնում է Թուլերի, որտեղ ապրում էր նրա քեռին` Մանուկ Տեր-Սարգսյանը: Վերջինս այնտեղ մի մեծ ագարակ ուներ: Քեռու օգնությամբ Գասպարն արագ ոտքի է կանգնում, աշխատանք գտնում մոտակա վարսավիրանոցում, 1927 թ. ամուսնանում է Սիրուն Նալբանդյանի հետ: 1930-ական թվականներին վերջապես իրականանում է Գասպարի երազանքը. նա կարողանում է գնել մի հողակտոր և խաղողի այգիներ տնկում: Գասպարն ու Սիրունը 4 զավակ են ունենում` Հովհաննեսը, որին մայրն անվանափոխում է Ջոնի, Րաֆֆին` Ռալֆը, Ռիչարդը և վերջապես՝ Վերնոնը (Վարդգես): Երեխաները մեծանում են հոր հիմնած ագարակում՝ հարուստ խաղողի այգիներով: Նրանք հաճախ են հնարավորություն ունենում վայելելու Արսեն Միքայելյանի, Սիմոն Վրացյանի, բազմաշենցի հայրենակից Ահարոն Գրիգորյանի (Քըրք Քըրքորյանի հայրը) և այլոց ներկայությունը: 1946 թ. աշնանը Ռիչարդն ընդունվում է Թուլերի Յունյոն ավագ դպրոց և հասկանում, որ ուզում է զբաղվել պատմությամբ ու դառնալ ուսուցիչ: 1950թ. Ռիչարդը ճանաչվում է Թուլերի Յունյոն ավագ դպրոցի լավագույն աշակերտ և ստանում ավարտական ճառն ասելու իրավունքը: Հետագա ուսումը շարունակելու համար նա մեկնում է Ֆրեզնո: Երիտասարդ Ռիչարդն իր արտաքին առանձնահատկությունների շնորհիվ` կանաչաչյա, սպիտակամաշկ, փոքր քթով, ինչպես նաև ամերիկյան բարբառի հրաշալի իմացությամբ արագ գտնում է իր տեղը ամերիկյան հասարակության մեջ: Ռիչարդն իր հայկական ինքնության աղբյուրը գտնում է Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում, որտեղ նա հաճախում էր երգչախումբ: Ֆրեզնոյի ՀՅԴ և Ասպարեզ օրաթերթերի գրասենյակներում նա հաճախում էր նաև Հայ երիտասարդաց դաշնակցության հանդիպումներին, թեև այդպես էլ երբեք կուսակցական չի դառնում: Ֆրեզնոյի համալսարանում պրոֆեսոր Հերբերթ Ֆիլիփսի դասախոսությունների շնորհիվ նա հասկանում է, որ պատմությունը կարող է մեռնել, եթե մոռացվի: 1952 թ. սեպտեմբերին իրականանում է երիտասարդ Ռիչարդի փայփայած երազանքը. նա ընդունվում է Բերկլիի համալասարան: 1952 թ. երիտասարդ Ռիչարդը մասնակցում է Սան Ֆրանցիսկոյի համայնքի կազմակերպած մի քննարկման, որտեղ բանախոսը Սիմոն Վրացյանն էր: Զրույցի ժամանակ Վրացյանը նրան առաջարկում է մեկնել Լիբանան` Նշան Փարաջյանի համազգային ճեմարան, այնտեղ անցկացնել մեկ տարի և հայերեն սովորել: 1954 թ. Ռիչարդ Հովհաննիսյանն ավարտում է Բերկլիի համալսարանը և մեկ տարի անց` 1955 թ., հետևելով Վրացյանի խորհրդին, մեկնում Լիբանան: Լիբանանում ճեմարանի ուսանողները նրան մեծ ջերմությամբ են ընդունում: Նրանց մեջ էր նաև Վարդան Գրիգորյանը (ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, նրա մասին նյութը կկարդաք հաջորդիվ), որն իր ուսերին էր վերցրել արևելահայերենի և արևմտահայերենի տարբերությունները սովորեցնելու գործը: Արդեն 1956 թ., հեռանալով Բեյրութից, Ռիչարդը վարժ խոսում և գրում էր հայերեն: 1957 թ. Ռիչարդն ամուսնանում է իր վաղեմի ընկերուհու՝ բժշկուհի Վարդիթերի հետ, ում ճանաչում էր դեռևս 1950 թվականից: Այդ ամուսնությունից ծնվում են Րաֆֆին, Արմենը, Անին և Կարոն: Ռիչարդը սկզբնական շրջանում դասավանդում էր Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում՝ ուսուցանելով աշխարհագրություն, պատմություն և անգլերեն: Սակայն նա անդադար մտածում էր Հայաստանի մասին (թեկուզև այն խորհրդային էր) և ցանկանում էր իր աչքով տեսնել Ավետյաց երկիրը: 1959 թ.՝ ամռանը, Ռիչարդն առաջին անգամ ժամանում է Խորհրդային Հայաստան. զգացողությունները հակասական էին: 1962 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը Գուստավ ֆոն Գրունեբաումից` Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի տնօրենից, առաջարկ է ստանում աշխատել իրենց համալսարանում` միաժամանակ լծվելով թեկնածուական ատենախոսության պատրաստման գործին: 1966 թ. նա մեծ հաջողությամբ պաշտպանում է գիտական ատենախոսությունը` «Հայաստանը անկախության ճանապարհին» թեմայով: 1968 թ.՝ գարնանը, Ռիչարդ Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ Լոս Անջելեսի մոտակայքում` Մոնթեբելլոյի Բիքնել զբոսայգում, ութասյուն հուշարձան է բացվում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ օրը նրան հաջողվում է մի պահ համախմբել ԱՄՆ-ի բոլոր հայերին` անկախ կուսակցական կամ անձնական տարաձայնություններից: 1972 թ. Ռիչարդ Հովհաննիսյանը դառնում է Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր: Նա զբաղեցնում է Հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճաններ շնորհող ծրագրերի ղեկավարի պաշտոնը (1962-ից)։ Նա Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի առաջին վարիչն էր (1987-ից), Հայագիտական հետազոտությունների ընկերության հիմնադիր նախագահը (1974, 1977, 1991–1992, 2006-2009): Նա Գուգենհայմի պատվավոր գիտնական է: Ռիչարդ Հովհաննիսյանը 70-ից ավել գիտական հոդվածների և շուրջ 20 մենագրությունների հեղինակ է, որոնցից խիստ արժեքավոր են «Հայաստանն անկախության ճանապարհին» (1967), «Հայաստանի Հանրապետություն» քառահատորյակը (1981-1996), «Հայոց Ցեղասպանությունը» (1980), «Հայկական պատկերը պատմության ու գրականության մեջ» (1981), «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, քաղաքականություն, էթիկա» (1992), «Հայ ժողովուրդը հնագույն շրջանից մինչ ժամանակակից շրջան» երկհատորյակը (1997), «Հիշողություն և մերժում. Հայոց ցեղասպանության խնդիրը» (1998), «Հայոց ցեղասպանությունը. մշակութային և բարոյական ժառանգությունը» և այլն: Մեծ հայագետը լծված էր մեկ այլ աշխատանքի ևս. խմբագրում էր պատմական Հայաստանի քաղաքների և նահանգների պատմությունը, որոնց թվում` Հայկական Վան/Վասպուրական, Հայկական Բաղեշ/Բիթլիս և Տարոն/Մուշ, Հայկական Խարբերդ, Հայկական Կարին, Հայկական Կիլիկիա, Հայկական Կարս և Անի, Հայկական Զմյուռնիա/Իզմիր և այլն: 1982 թ. իր կատարած աշխատանքների համար Հովհաննիսյանն արժանանում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Գարեգին 2-ի (Սարգսյանի) կողմից, 2001 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ը (Ներսիսյան) նրան շնորհում է Սուրբ Սահակ և Մեսրոպ շքանշանը, 2001 թ. Նորին սրբություն Արամ 1-ի կողմից նրան շնորհվում է Կիլիկո ասպետ շքանշանը: Ռիչարդ Հովհաննիսյանը այժմ էլ հնարավորության դեպքում սիրով գալիս է Հայաստան և իր գիտելիքները փոխանցում հայ երիտասարդ մասնագետներին և գիտնականներին: Հաշվի առնելով Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական, մանկավարժական, հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Գիտությունների ակադեմիան 1990 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ի դեպ, նա հասարակագիտության բնագավառի առաջին գիտնականներից է, որն ընտրվել է որպես ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1994 թ. նա դարձել է Երևանի պետական համալսարանի, իսկ 1997 թ.` Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտոր: Ռիչարդ Հովհաննիսյանը ցայսօր մեծ ջանքեր է ներդնում հայապահպանության, ցեղասպանության ճանաչման գործում, համագործակցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և գիտակրթական այլ հաստատությունների հետ: |