| ||||||||
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պրոֆեսոր Սըր Արա Վարդկեսի Դարզին (Թերզյան) ծնվել է 1960թ. մայիսի 7-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Նրա հայրը` Վարդկես Դարզին, 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ հասել էր Իրաք: Հայրը մասնագիտությամբ ինժեներ էր, ով հետագայում կրթություն էր ստացել Բերկլիի համալսարանում: Մանկության մեծ մասն Արա Դարզին անց է կացրել Իռլանդիայում` Դուբլինում, որտեղ հաստատվել էր Թերզյանների ընտանիքը: Եվ հենց Դուբլինում էլ «Թերզյան» ազգանունը իռլանդացիների թեթև ձեռքով վերափոխվեց «Դարզիի»: Նախնական կրթությունը Դուբլինում ստանալուց հետո, Արա Դարզին հստակ գիտակցեց իր մասնագիտական ուղղությունը. դա բժշկությունն էր, հակառակ հոր ցանկության, որը երազում էր, որ որդին կգնա իր հետքերով: Արա Դարզին ստացել է բժշկական փայլուն կրթություն: Ստացել է Դուբլինի բժշկական համալսարանի վիրաբուժության ֆակուլտետի, Մեծ Բրիտանիայի Վիրաբուժության արքայական համալսարանի, Վիրաբուժության ամերիկյան համալսարանի, Գլազգոյի վիրաբուժության և բժշկագիտության արքայական համալսարանի, Էդինբուրգի վիրաբուժության համալսարանի, Լոնդոնի բժշկագիտության ակադեմիայի, Արքայական տեխնոլոգիաների ակադեմիայի դիպլոմներ: Արա Դարզին փայլեց ոչ միայն բժշկագիտության, այլ նաև ինժեներիայի ոլորտում՝ փաստորեն արդարացնելով հոր երազանքները ևս: Դարզիի գլխավորությամբ բրիտանացի մասնագետները ստեղծեցին i-Snake (ես-օձ եմ) սարքը: Այդ ռոբոտ-գործիքը երկար խողովակ է, որի մեջ տեղակայված է միկրոշարժիչ, տվիչ և տեսադիտման սարք: Դարզիի և նրա գործընկերների հաջորդ մշակումը կոչվեց «Դա Վինչի». այն բժշկական ռոբոտ է, որն անհրաժեշտ է այնպիսի վիրահատությունների ժամանակ, որտեղ պահանջվում է սկալպելով (հերձադանակ) աշխատելու առավելագույն ճշգրտություն, օրինակ՝ սրտի վիրահատության ժամանակ: «Դա Վինչի»-ին վիճակված էր հայտնի դառնալ ամբողջ աշխարհով մեկ. դրա մասին տեղեկությունը ներառվեց անգամ հանրահայտ Ջեյմս Բոնդի «Մեռնել, բայց ո՛չ այսօր» ֆիլմում: Սցենարի համաձայն՝ մեքենան սկանավորում է 007 գործակալի մարմինը և նմուշ վերցնում նրա արյունից: Այդ առիթով Արա Դարզին իր հարցազրույցներից մեկում ասել է. «Թե՛ վիրաբույժի, և թե՛ գործակալի համար կարևոր է սառնասրտությունը և ճշտությունը, դրանով է պայմանավորված, որ երկուսն էլ օգտագործում են լավագույն տեխնոլոգիաները… Անկեղծ ասած, նախկինում իմ մտքով անգամ չէր անցնի, որ բաժինը, որը ես գլխավորում եմ, կմասնակցի ֆիլմի նկարահանմանը»: Դարզիի հաջորդ գաղափարը, որը բժիշկների մոտ տարակարծություն առաջացրեց, «սև արկղն» էր: Նա առաջարկում էր հիվանդանոցները համալրել այնպիսի սարքերով, որոնք հիշեցնում են ինքնաթիռներում ձայնագրող «սև արկղերը»: Արա Դարզին նախագծեց այնպիսի «սև արկղ», որն արձանագրում է վիրահատարանում կատարվող յուրաքանչյուր գործողություն: Էլեկտրամագնիսական և գերձայնային սենսորները հարմարեցված են վիրաբույժի ձեռքերին, որոնք հստակ արձանագրում են նրա յուրաքանչյուր գործողություն: Դարզիի կարծիքով, նման սարքավորումն առավել անվտանգ կդարձնի վիրահատությունը: Միևնույն ժամանակ, վիրահատության ընթացքում առաջացած բարդությունների դեպքում հնարավոր կլինի հեշտությամբ պարզել` դա եղել է բժշկի անփութությա՞ն պատճառով, թե՞ մարդու օրգանիզմն ի վիճակի չի եղել դիմադրել: Իհարկե, Դարզիի նոր գաղափարը բժիշկներին բաժանեց երկու խմբի. ոմանք գտնում էին, որ բժիշկը վիրահատարանում առանց այն էլ բավական լարված վիճակում է, և սև արկղի գաղափարը հավելյալ լարվածություն կառաջացնի: Այդ տեսակետը, բնականաբար, չի կիսում Դարզին` մատնանշելով այն փաստը, որ ավիացիայի «սև արկղերն» այդպես էլ հավելյալ սթրեսային գործոն չդարձան օդաչուների համար, թեև սկզբում նման վախեր ևս առկա էին: Բժշկագիտության ոլորտում մեծ ներդրումների համար 2001թ. փետրվարին Արա Դարզին արժանացավ Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ II հոբելյանական պարգևին, իսկ 2003թ.-ին ստացավ Բրիտանիայի քաղաքացիություն: Լոնդոնում Արա Դարզիի բժշկագիտական գործունեությունը հաջող էր ընթանում: Դարզին Միդդպլեկս կոմսության Կենտրոնական հիվանդանոցի առաջատար վիրաբույժներից մեկն էր, միևնույն ժամանակ, գլխավորում էր Լոնդոնի Արքայական քոլեջի Բժշկագիտության ֆակուլտետի Վիրաբուժության ուռուցքաբանության /օնկոլոգիա/ բաժինը: Այնուհետև Արա Դարզին ստանձնեց Մեծ Բրիտանիայի կառավարությունում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: 2007թ. հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրամանով Միացյալ Թագավորության ամենահայտնի վիրաբույժ, 47-ամյա պրոֆեսոր Արա Դարզին (Թերզյանը) նշանակվեց առողջապահության նախարար: Դարզին Մեծ Բրիտանիայի ողջ պատմության մեջ եղավ առաջին հայազգի նախարարը:
Նա բժշկագիտության ոլորտին նվիրված տասնյակ հոդվածների և ութ գրքի համահեղինակ է: Հատկանշական է, որ Արա Դարզին չի պատրաստվում մոռանալ իր արմատների մասին. նա Մեծ Բրիտանիայի կառավարության միակ նախարարն էր, ով համարձակորեն խոսում էր Ցեղասպանության մասին: Մի քանի տարի առաջ, հարցազրույցներից մեկում Արա Դարզին նշել էր. «Ես կցանկանայի այցելել Հայաստան: Եվ չնայած ես դեռ այդ հնարավորությունը չեմ ունեցել, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում ինձ դա կհաջողվի անել: Ես ցանկանում եմ վերադառնալ արմատներիս: Ես աշխատել եմ շատ երկրներում, իսկ ինչո՞ւ չաշխատեմ նաև Հայաստանում: Ես կարող եմ գնալ այնտեղ՝ որպես կամավոր և կիսվել իմ փորձով տեղի բժիշկների հետ: Ինձ պարզապես անհրաժեշտ է իրական հնարավորություն»: Այդպիսի հնարավորություն շուտով ընձեռնվեց: 2004թ. հոկտեմբերին նա առաջին անգամ այցելեց իր պատմական հայրենիք: Մալաթիա բժշկական կենտրոնում հայ բժիշկների համար նա լապարասկոպիական վիրաբուժության վերաբերյալ դասախոսություն ունեցավ: Արա Դարզին մի քանի ուսուցողական վիրահատություններ էլ կատարեց, որոնց միջոցով ամբողջապես կարողացավ կիսվել իր փորձով: Այցի ժամանակ որոշվեց Մալաթիա բժշկական կենտրոնում ստեղծել արդիականացված լապարասկոպիական վիրաբուժության կենտրոն: ՀՀ ԳԱԱ-ն, բարձր գնահատելով Արա Դարզիի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունը, 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 2009թ. սեպտեմբերի 19-ին նա հյուրընկալվեց ՀՀ ԳԱԱ-ում։ Սա նրա երրորդ այցն էր հայրենիք: Նրան շնորհվեց արտասահմանյան անդամի դիպլոմ և հուշամեդալ: Արա Դարզին իր շնորհակալական ելույթում նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի շարունակի և խորացնի հաամգործակցությունը Հայաստանի բժիշկների հետ: Պրոֆեսոր Դարզին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի աշխատանքներին միացավ 2017թ. սեպտեմբերին, իսկ 2019 թվականից նա մարդասիրական այդ կառուցի ընտրող հանձնաժողովի նախագահն է: Այդ կապակցությամբ նա հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ «Ավրորա» մրցանակն աշխարհին ցույց է տալիս, որ նույնիսկ ամենափոքր ներդրումը կարող է ահռելի ազդեցություն ունենալ: «Ահա թե ինչու եմ ուրախ, որ այս ամենի մի մասնիկն եմ»,- ասաց Լորդ Արա Դարզին: |