ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Եսայանը ծնվել է 1947թ. հուլիսի 18-ին Հայաստանում՝ Եղեգնաձորում, գյուղացու ընտանիքում: Մինչև 8-րդ դասարանը հաճախել է Եղեգնաձորի շրջանի Վերնաշեն գյուղի դպրոցը, այնուհետև տեղափոխվել է և կրթությունը շարունակել Երևանի թիվ 67 դպրոցում:
Հայրը՝ Խորեն Եսայանը, թեև կրթություն չէր ստացել, բայց ուսումնատենչ էր և խրախուսեց որդուն ստանալու բարձրագույն կրթություն:Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ստեփանը վճռել էր ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, սակայն այդ տարի առաջին անգամ պոլիտեխնիկական ինստիտուտում բացվեց կիսահաղորդչային ֆիզիկայի և տեխնոլոգիայի ամբիոն: Առավելությունն այն էր, որ ուսանողը միանգամից ստանում էր երկու կրթություն՝ ֆիզիկա և ինժեներիա: Մոսկվայում կար նմանֆակուլտետ, իսկ Կովկասում ինժեներաֆիզիկական մասնագիտությամμ կրթօջախ չկար, և որոշվել էր այն առաջինը բացել Հայաստանում: 1965թ. Ստեփան Եսայանն ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտի այդ ֆակուլտետը, որտեղ հավաքվել էր լուրջ պրոֆեսորադասախոսական կազմ:
Ստեփան Եսայանը մեծ երախտագիտությամբ է հիշում իր դասախոսներին. Սիլվա Բալյանը, ում նա կոչում էր ֆանտաստիկ ֆիզիկոս, Ստեփանի մեջ տեսել էր իրական ներուժ և մեծ հույսեր էր կապում նրա հետ:
Ստեփան Եսայանը, սովորելուն զուգընթաց, աշխատել էր Սիլվա Բալյանի լաμորատորիայում, որտեղ ամրագրեց իր տեսական գիտելիքները: Նրա մեկ այլ դասախոս՝ Էդուարդ Մելիքյանը, 3-րդ կուրսից Ստեփանին տարավ ֆիզիկայի ինստիտուտ՝ սովորելուն զուգահեռ աշխատելու: Ավարտական թեզի նախապաշտպանությունից առաջ Ստեփան Եսայանն Էդուարդ Մելիքյանի առաջարկով, ով նաև նրա ավարտական թեզի ղեկավարն էր, մեկնեց Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտ՝ իրականացնելու պրակտիկ աշխատանքը:
Բուհ-ն ավարտելուց հետո՝ 1970թ., Ստեփան Եսայանն ընդունվեց Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Գեորգի Սմոլենսկիի ղեկավարությամբ, ով, ըստ Ստեփան Եսայանի, ուներ ասպիրանտի հետ աշխատելու փայլուն ունակություններ: 1975թ. Ստեփան Եսայանը պաշտպանեց գիտական ատենախոսությունը «Սեգմետոէլեկտրական բազային անցումների ուսումնասիրությունն ակուստաօպտիկ մեթոդներով» թեմայով: Չնայած այն հանգամանքին, որ գիտական ղեկավարը հորդորում էր Ստեփանին մնալ Լենինգրադում, այնուամենայնիվ, նա նախընտրեց վերադառնալ հայրենիք, սակայն խոստանալով իր ղեկավարին, որ եթե բավարար աշխատանքային պայմաններ չլինեն, կվերադառնա Լենինգրադ:
1975թ. մինչև 1977թ. Ստեփան Եսայանն իր բուհ-ում՝ պոլիտեխնիկական ինստիտուտում, դասավանդեց տեսական ֆիզիկա: Սակայն 1977թ. կրկին որոշեց վերադառնալ Լենինգրադ: Նա աշխատանքի անցավ Լենինգրադի Ա.Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող:
1980-ականներին նա Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, որպես լավագույն ասպիրանտ, շահեց մրցանակային 2-րդ տեղը: ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում անց էր կացվում տարվա լավագույն աշխատանք մրցույթը, և 1982թ. Եսայանի ներկայացրած աշխատանքը համարվեց լավագույններից մեկը:
Ստեփանը շարունակեց իր գիտական գործունեությունը. 1988թ. պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը և որպես խմբի ղեկավար սկսեց աշխատել նույն գիտահետազոտական ինստիտուտում:
1991թ. Ստեփան Եսայանը հրավեր ստացավ Միացյալ Նահանգների Նյու Ջերսիի Ռադկերս պետական համալսարանից՝ երեք ամիս դասավանդելու համալսարանում: Այդ ընթացքում տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումը: Ստեփան Եսայանին առաջարկեցին ևս վեց ամիս մնալ և դասախոսություն կարդալ համալսարանում: Վեց ամիս անց նրան առաջարկեցին որպես հիմնական պրոֆեսոր աշխատել Նյու Ջերսիում. Ստեփան Եսայանը համաձայնվեց: 1996թ. նա ստացավ մեկ այլ առաջարկ՝ աշխատել աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկի՝ National Semiconductor-ում: Բնականաբար, Ստեփան Եսայանը համաձայնվեց և ստանձնեցգիտահետազոտական խմբի ղեկավարի պաշտոնը:
1981-1999թթ. Ստեփան Եսայանը ժամանակ առ ժամանակ աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում որպես հրավիրյալ դասախոս:
Ստեփան Եսայանը բավական մասնագիտացել էր օպտիկայի ոլորտում, իսկ նույն ժամանակահատվածում Սիլիկոնային հովտում նոր ընկերություններ էին բացվում: Հնդիկ իր գործընկերոջ հետ 2000թ. նա հիմնեց օպտիկական անջատիչ մի ընկերություն, որի նպատակն էր զբաղվել մաքուր օպտիկայով՝առանց էլեկտրական տեղափոխությունների: 2002թ. ԱՄՆ-ում տեխնոլոգիաների բնագավառում տեղի ունեցած մեծ աղետից հետո, երբ Միացյալ Նահանգներում հասկացան, որ այն ներդրումները, որ արվել էին այս ոլորտում, շատ քիչ արդյունք են տվել. մի շարք մեծ ընկերություններ փակվեցին: Փակվեց նաև այն ընկերությունը, որին մատակարարում էր Եսայանի ստեղծած ընկերությունը:
Սակայն նա չընկրկեց դժվարությունների առջև և 2003թ. ստեղծեց իր սեփական ընկերությունը՝ Spectralus անվամբ, որի հիմնադիր տնօրենն է ինքը և այն մինչև այժմ էլ գործում է:
Միացյալ Նահանգներում գործող այս ընկերությունում աշխատում են ութ մասնագետ, որոնց հիմնական խնդիրն է գիտահետազոտական նոր լազերների պատրաստումը: Միաժամանակ, նրա ընկերությունն ունի մասնաճյուղ Երևանում, որտեղ աշխատում են 25 մասնագետ, և որոնց խնդիրն է փոքրիկ օպտիկական չիպերի կոմպոնենտների ստեղծումը: Եսայանի շնորհիվ օպտիկայի շատ բարձրակարգ մասնագետներ, որ պատրաստվում էին լքել Հայաստանը, փոխել մասնագիտությունը և դառնալ ծրագրավորող, մնացին հայրենիքում և այսօր աշխատում են այդ ընկերությունում:
Ստեփան Եսայանը հույս ունի, որ այս ընկերությունն անպայման կընդարձակվի Հայաստանում և կներգրավի այլ մասնագետների:
Ստեփան Եսայանը եղել է տասը ատենախոսի գիտական ղեկավար, նա 12 միջազգային արտոնագրի հեղինակ է և ներկայացրել է ևս 4 արտոնագրի հայտ:Նրա որդին՝ Ալեքսան Եսայանը, գնում է հոր հետքերով, և այժմ աշխատում է «Intel» ընկերությունում՝ որպես ծրագրի ղեկավար, իսկ դուստրը՝ Ռուզաննա Եսայանը, աշխատում է Նյու Յորքում, իր սեփական ընկերությունում՝ որպես ֆոտոլրագրող:
Հաշվի առնելով Ստեփան Եսայանի գիտական և մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Ստեփան Եսայանն այսօր ևս սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտական հաստատությունների հետ և ջանում մեծացնել իր կազմակերպությունը՝ առավել շատ երիտասարդ գիտնականների մայր հայրենիքում պահելու ակնկալիքով:
Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար