| ||||||||
ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 85 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Հայրապետ Գալստյանը 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977 թվականից եղել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը, 1981-2002 թվականներին՝ միաժամանակ փոխտնօրեն, մինչև 2014 թվականը՝ տնօրեն։ 1981 թվականից եղել է ՀՀ ուռուցքաբանների և ռենտգենաբանների ընկերության նախագահը, 1994 թվականից՝ ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչը, 2002 թվականից՝ ՀՀ գլխավոր ուռուցքաբանը։ Հայրապետ Գալստյանի աշխատանքները վերաբերում են ստամոքս-աղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման հարցերին։ Պրոֆեսոր Գալստյանն ավելի քան 300 գիտական հրապարակումների, 20 մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Հայրապետ Գալստյանը մեծ ավանդ ունի Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։ ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը ցավակցում են վաստակաշատ գիտնականի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընկերներին։ Հայրապետ Գալստյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։ Հայրապետ Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ նույն վայրից։ ՀՀ ԳԱԱ նախագահություն |