Նորություններ
16/12/2024
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, անվանի բժիշկ Հայրապետ Գալստյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 85 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ 

Հայրապետ Գալստյանը 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1977 թվականից եղել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը, 1981-2002 թվականներին՝ միաժամանակ փոխտնօրեն, մինչև 2014 թվականը՝ տնօրեն։ 1981 թվականից եղել է ՀՀ ուռուցքաբանների և ռենտգենաբանների ընկերության նախագահը, 1994 թվականից՝ ԱԱԻ ուռուցքաբանության ամբիոնի վարիչը, 2002 թվականից՝ ՀՀ գլխավոր ուռուցքաբանը։

Հայրապետ Գալստյանի աշխատանքները վերաբերում են ստամոքս-աղիքային համակարգի, կաթնագեղձի, փափուկ հյուսվածքների չարորակ նորագոյացությունների ախտորոշման և համակցված բուժման հարցերին։ Պրոֆեսոր Գալստյանն ավելի քան 300 գիտական հրապարակումների, 20 մեթոդական հանձնարարականների և ռացիոնալիզատորական առաջարկների, հեղինակային վկայականների, 6 մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Հայրապետ Գալստյանը մեծ ավանդ ունի Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում։ ՀՀ ԳԱԱ նախագահությունը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը ցավակցում են վաստակաշատ գիտնականի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընկերներին։ Հայրապետ Գալստյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։

Հայրապետ Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ նույն վայրից։ 

ՀՀ ԳԱԱ նախագահություն

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունք
16․12․2024թ․