Новости
07/11/2024
Երևանում բացվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հուշաքարը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանում բացվեց ֆիզիկոս-տեսաբան, աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Սեդրակյանին նվիրված հուշաքարը։ Հուշաքարը տեղադրվել է Հանրապետության փողոց, 82բ․ հասցեում, որտեղ ապրել է ակադեմիկոս Սեդրակյանը։ 

Լուսանկարը՝ ԵՊՀ-ի

Դավիթ Սեդրակյանը ծնվել է Երևանում՝ 1938 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Եղել է Երևանի պետական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ԵՊՀ Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիր։

Դավիթ Սեդրակյանի աշխատությունները վերաբերում են ճառագայթման տեսության, գրավիտացիայի, և տեսական աստղաֆիզիկայի բնագավառներին։ Նա ուսումնասիրել է լիցքավորված մասնիկների դիֆրակցիոն ճառագայթումը։ Գտել է ձգողական դաշտը նկարագրող էյնշտեյնյան հավասարումների սակավաթիվ լուծումներից մեկը՝ առանցքասիմետրիկ լուծումը վակուումում, դրա հիման վրա ստեղծել պտտվող երկնային մարմինների տեսություն, որը կիրառել է պտտվող պոլիտրոպ աստղային մոդելների, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի ֆիզիկական բնութագրերի հետազոտման համար։ 

Ակադեմիկոս Սեդրակյանը պարգևատրվել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակով գիտության և տեխնիկայի բնագավառում, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով և Անանիա Շիրակացի մեդալով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․11․2024թ․