Новости
25/10/2024
Համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջև

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետի պարտականությունների կատարող, գիտության և կրթության գծով տեղակալ, ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գնդապետ Տիգրան Քոչարյանը։  Գոհար Իսկանդարյանը և Տիգրան Քոչարյանը բարձր գնահատեցին գիտահետազոտական կառույցների միջև սերտ համագործակցության ծավալումն ու դրա հեռանկարային զարգացումը: Նրանք կարևորեցին մասնագիտական բնագավառներում համատեղ հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումը և դրանց դերն ու նշանակությունը հայրենական գիտության զարգացման գործում։

Հուշագիրն ամրագրում է գիտակրթական համագործակցության ընդլայնում և ուղղությունների լայն շրջանակ, այդ թվում՝ Հարավային Կովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի անվտանգության միջավայրի ուսումնասիրման ուղղությամբ հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացում, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական համակարգերի, զինված ուժերի, արտաքին քաղաքականության հայեցակարգային ուղղությունների, տնտեսության, էթնիկական և կրոնական գործոնների վերաբերյալ ռազմավարական համատեղ ուսումնասիրությունների իրականացում, Մերձավոր Արևելքում տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի և դերակատարման, ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ համատեղ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում և այլն: Հուշագրի շրջանակներում կիրականցվեն Հարավկովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջանների առանցքային տարբեր հիմնախնդիրների հետազոտություններ, գնահատումներ, կկազմակերպվեն գիտավերլուծական համատեղ միջոցառումներ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների և խնդիրների վերաբերյալ մասնագիտական

խորհրդատվություն, կապահովվի կողմերի գրադարանների, ֆոնդերի համատեղ օգտագործման հասանելիությունը և միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների նյութերի փոխանակումը։ Երկու կառույցները համատեղ կիրականացնեն Հարավային Կովկասի, ինչպես նաև համաշխարհային պատմության կարևորագույն հարցերի հիմնարար և կիրառական հետազոտություններ՝ ընդլայնելով գիտակրթական համագործակցությունը հակամարտությունների և պատերազմների պատմության, տարածաշրջանային հիմնախնդիրների առնչությամբ: Ռազմավարական մակարդակի համատեղ ուսումնասիրություններ կիրականացվեն գերտերությունների, տարածաշրջանային երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, նաև Իսրայելի և արաբական երկրների քաղաքական համակարգերի, զինված ուժերի, արտաքին քաղաքականության հայեցակարգային ուղղությունների, տնտեսության, էթնիկական և կրոնական գործոնների վերաբերյալ, մասնավորապես՝ պատմական հոլովույթում: Կիրագործվեն նաև համաշխարհային և տեղական նշանակության ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ օպերատիվ-ռազմավարական տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.10.2024թ.