Новости
21/10/2024
ՀՀ ԳԱԱ նախագահը մասնակցել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի 155-ամյակին նվիրված միջոցառմանը

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆի Աճեմյանը մասնակցել են Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի 155-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնք անցկացվել են Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի շենքում և Սոֆիայի օպերայի և բալետի շենքում։ 

Միջոցառմանը մասնակցել են միջազգային ակադեմիաների և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն իր շնորհավորական խոսքում նշել է․ «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան և Հայաստանի գիտական հանրությունն ի սրտե շնորհավորում են Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի հիմնադրման 155-ամյա հոբելյանը։ Բուլղարիայի Գիտությունների ակադեմիան հասել է ուշագրավ հաջողությունների առաջադեմ գիտական ուղղություններում՝ բնական գիտություններից մինչև հումանիտար: Այն հանդես է եկել որպես կամուրջ ազգերի միջև՝ առաջ մղելով գիտական համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը միջազգային մակարդակում: Մաղթում եմ շարունակական հաջողություններ և բարգավաճում»։ 

Աշոտ Սաղյանը կարևորել է ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի հետ հարաբերությունները, որոնք ամրապնդվել են 2024 թվականի մարտին ստորագրված փոխըմբռնման հուշագրով։ Հուշագրի շրջանակում երկու երկրների ակադեմիաները կհամագործակցեն գիտական մի շարք ուղություններով, կիրականացնեն գիտնականների փոխանակում, համատեղ գիտաժողովների, կոնգրեսների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում։

Աշոտ Սաղյանը գործընկեր միջազգային ակադեմիաների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.10.2024թ․