Новости
17/10/2024
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն ընտրվեց Լիլիթ Դաշտոյանը

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լիլիթ Դաշտոյանը։ 

Լիլիթ Դաշտոյանը ծնվել է 1974 թվականին։ Սովորել է Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասախոսում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում և Երևանի պետական համալսարանում։ 2007 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում որպես գիտական քարտուղար, իսկ 2024 թվականի մայիսի 1-ից՝ որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Լիլիթ Դաշտոյանը 44 գիտական հոդվածի հեղինակ և համահեղինակ է։ 

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Լիլիթ Դաշտոյանը նշեց, որ ոլորտի արդի խնդիրներից են տեսական և փորձարարական հետազոտությունները, երիտասարդ գիտնականների ներգրավումը և գիտական կյանքի ակտիվացումը։ «Արդի են ռազմական արդյունաբերության կողմից առաջ քաշվող խնդիրները, արդի հաշվողական մեթոդներ, քանի որ անհրաժեշտ են նոր մեթոդների մշակում։ Նախատեսում ենք այդ խնդիրները տեղափոխել ՀՀ ԳԱԱ սուպերհամակարգչի հաշվմանը՝ դրա հետ մեկտեղ զարգացնելով ավանդական ուղղությունները», - ասաց Լիլիթ Դաշտոյանը։ 

Նա նշեց, որ կարևոր ուղղություններից է հիմնարար գիտության արդյունքներն արտադրության հետ կապելը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, նոր ուղղությունների զարգացումը, նաև բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում տպագրության խթանումը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17.10.2024թ.