Новости
15/10/2024
Աստղաֆիզիկայի «HEACOSS 2024» միջազգային գիտաժողովը Երևանում համախմբել էր ավելի քան 100 գիտնականների աշխարհի տարբեր երկրներից

Երևանում տեղի ունեցավ «High Energy Astrophysics and Cosmology in the era of all-sky surveys (HEACOSS 2024)» միջազգային գիտաժողովը՝ նվիրված բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և կոսմոլոգիայի ոլորտներում արդի ձեռքբերումներին։ 

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ Գիտաժողովին մասնակցել են ավելի քան 110 գիտնականներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Նորվեգիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից և այլ երկրներից։ 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը։ «Այս գիտաժողովը տեղի է ունենում աստղաֆիզիկայի և կոսմոլոգիայի համար բեկումնային ժամանակաշրջանում: Վերջին տարիներին ամբողջ երկնքի դիտումների արդյունքում գրանցվել են աննախադեպ մեծ քանակությամբ տվյալներ, որոնք հեղափոխել են մեր պատկերացումները տիեզերքի և տիեզերական աղբյուրներում տեղի ունեցող պրոցեսների մասին, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել տարբեր աղբյուրների և պրոցեսների համապարփակ ուսումնասիրություն։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու և քննարկվելու են արդեն ստացված տարբեր արդյունքները։ Սա կարող է նաև լավ հիմք դնել ապագա համագործակցությունների համար»,  - ասել է Նարեկ Սահակյանը։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ աստղաֆիզիկայի արդի ձեռքբերումների վերաբերյալ, ինչպես նաև խոշորամասշտաբ գիտափորձերի վերջին արդյունքները, ինչպիսիք են՝ «eROSITA», «James Webb Space Telescope», «MAGIC», «CTAO», «IXPE», «Pierre Auger Observatory», «WFST», «Konus-Wind» և այլն։ 

Որոշվել է գիտաժողովն անցկացնել երկամյա պարբերականությամբ։ 

ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպություն
15․10․2024թ․