Новости
24/09/2024
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության անդամ

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ որպես Հայաստանի առաջին գիտական հաստատություն, դարձել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի՝ IUCN-ի անդամակցության համար հիմք է դարձել ինստիտուտի կողմից բազմապիսի ազգային ու միջազգային նշանակության կենսաբազմազանության և վայրի բնության պահպանությանն ուղղված ծրագրերի իրականացումը։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի միջազգային կապերի և համագործակցության համակարգող Ալլա Ալեքսանյանը նշեց՝ IUCN-ի լայնածավալ աշխատանքը քաղաքականության մշակման, հետազոտության և բնապահպանական հիմնախնդիրների հանրայնացման ոլորտում լիովին համահունչ է ինստիտուտի առաքելությանը և տեսլականին: «Այս անդամակցությունը նշանակալի քայլ է մեզ համար բույսերի բազմազանության և էկոհամակարգերի պահպանությանն ուղղված ջանքերի ամրապնդման գործում։ Սա ևս մեկ խթան է ոլորտում ինստիտուտի ավելի մեծ դեր և ազդեցություն ունենալու, առկա հիմնախնդիրների գիտահեն լուծումներ ներկայացնելու, միջազգային հարթակներում բարձրաձայնելու ու փորձի փոխանակման համար։ Միասին մենք նպատակ ունենք լուծելու բնապահպանական հրատապ մարտահրավերներ», - ասաց Ալլա Ալեքսանյանը։

1948 թվականին ստեղծված IUCN-ն այժմ աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցն է, որը միավորում է ավելի քան 160 երկրի 1400 պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Նպատակն է տրամադրել աջակցություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, ապահովելու բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործումը։ IUCN-ը գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները, ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.09.2024թ.