Новости
13/09/2024
ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ՝ նվիրված Հայաստանում վիրուսային վարակների արդի խնդիրներին

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող. 24, 2-րդ հարկ)  տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ՝ նվիրված վիրուսային համաճարակների կենսաբժշկական խնդիրներին:

Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման» լաբորատորիայի վարիչ Հովհակիմ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Բջջաբանության և վիրուսաբանության» լաբորատորիայի վարիչ  Զավեն Կարալյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ։

Կներկայացվեն համաճարակաբանական, վիրուսային էվոլյուցիոն գենետիկային և վիրուսային էկոլոգիային նվիրված ուսումնասիրություններ, որոնք կնպաստեն նոր առաջացող վիրուսների դեմ պաշտպանության ամրապնդմանը:  Կզեկուցվեն Կապիկի ծաղիկի և Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսների կենսաբանական յուրահատկությունների, ներկայում իրականացվող հակավիրուսային և պատվաստանյութային հետազոտությունների ընթացքի, ինչպես նաև Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնելու համար անհրաժեշտ նախադրյալների առկայության և դրանց կարևորության մասին։

Կքննարկվի վիրուսային նոր համաճարակներին կամ համավարակներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գիտահետազոտական ենթակառուցվածքների, հետազոտությունների և համագործակցությունների կազմակերպման և իրականացման նպատակահարմարության հարցը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.09.2024թ.