Новости
29/08/2024
ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանությանն ուղղված օրենսդրական առաջարկությունները

Սույն թվականի օգոստոսի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստը՝ նվիրված բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ հարցերին։ Նիստը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։

Հայաստանը բույսերի կենսաբազմազանության կարևորագույն բնօրրաններից մեկն է, որտեղ աճում են ավելի քան 3800 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 146-ն էնդեմիկ տեսակներ են։ Այս հսկայական գենետիկական ռեսուրսներն օժտված են այնպիսի ներուժով, որը հնարավոր է դարձնում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսածին և ոչ կենսածին գործոնների անբարենպաստ ազդեցությունը, պարենի և գյուղատնտեսության անվտանգային հարցերը։ Սակայն բույսերի գենետիկական ռեսուրսների՝ որպես երկրի մշակութային ժառանգության չկանոնակարգված արտահանումները, այլ երկրներում տեղայնացումը, սորտերի անվանափոխությունները լուրջ մարտահրավերներ են պարենի և գյուղատնտեսության անվտանգության տեսանկյունից: Հրատապ է դառնում բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը կանոնակարգող ներպետական օրենսդրություն մշակելու անհրաժեշտությունը։

 

«Պետք է պահպանել ոչ միայն մեր վայրի ֆլորան, այլ նաև Հայաստանում հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի շնորհիվ ստեղծված հազարավոր մշակովի բույսերի տեսակները։ Մենք բնօրրան ենք այնպիսի կարևոր մշակաբույսերի, ինչպիսիք են ցորենը, խաղողը, ծիրանը և այլն։ Եթե խաղողի օրինակով ասենք, ապա վերջին տարիների գենետիկական/գենոմային ուսումնասիրությունները ցույց են տվել այն ներուժը, որով օժտված է ՀՀ-ում աճող տեղածին և վայրի խաղողը։ Վստահաբար, նման ներուժ ունեն մեր երկրում աճող բազմաթիվ էնդեմիկ տեսակներ և նրանց վայրի ցեղակիցներ, որոնցից շատերն ընդգրկված են նաև հետազոտական աշխատանքների հիմքում։ 

Նշեմ, որ մենք կորցրել էինք մի հսկա բազմազանություն, որի վերականգնման աշխատանքներն ընթացքում են։ Եվ մեր երկրի գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայուն օգտագործումն ու մատչելիությունը պետք է կանոնակարգվի օրենքով», - ասաց Ռուբեն Հարությունյանը։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը ներկայացրեց վերջին տարիներին խաղողի գենոմիկայի ասպարեզում կատարված լայնածավալ աշխատանքները, նաև այն մարտահրավերները, որոնք հնարավոր է հաղթահարել համապատասխան օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։ 

«Հայաստանի խաղողի առաջին կոլեկցիոն այգում  850-900 սորտ է պահպանվել, որը 90-ականներին հիմնովին վերացել է։ Բացի մշակովի սորտերից, մեր երկրում դեռևս առկա է վայրի խաղողի տարբեր պոպուլյացիաներ, սակայն վերջին տարիների դինամիկ մոնիթորինգի արդյունքում մենք դիտարկում ենք պոպուլյացիաների կրճատում մի շարք գործոններով պայմանավորված։ Բազմաթիվ երկրներում վայրի խաղողն ընդգրկված է Կարմիր գրքում, իսկ մեզ մոտ անգամ վտանգված չի համարվում», - նշեց Քրիստինե Մարգարյանը։ 

Ուսումնասիրությունների շնորհիվ հաջողվում է հայկական տեղածին սորտերի բնօրրանը համաշխարհային տվյալների բազայում գրանցել։ «Գենետիկական և գենոմային ուսումնասիրությունների շնորհիվ է, որ հաջողել ենք միջազգային տվյալների բազայում 363 գենոտիպեր գրանցել որպես հայկական տեղածին սորտեր, բնօրրանը՝ Հայաստան։ Սա է միակ ճիշտ ուղղին հակազդելու ադրբեջանական ոչ գիտական և ագրեսիվ քաղաքականությանը, երբ անվանափոխում են սորտերը` դարձնելով դրանք ադրբեջանական», - նշեց Քրիստինե Մարգարյանը։ 

Ըստ նրա` մեր երկրի բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայուն օգտագործումն ու մատչելիությունը պետք է կանոնակարգել օրենքով, և անհրաժեշտ է լրամշակել «Բուսական աշխարհի մասին» օրենքի որոշ դրույթներ, որը կարգելի Հայաստանի մշակութային ժառանգություն հանդիսացող մշակաբույսերի և դրանց վայրի ցեղակիցների անկանոն արտահանումները,` վտանգելով երկրի պարենի և գյուղատնտեսության անվտանգությունը։

«Մենք փորձում ենք ամենաէժան ձևով շահագործել մեր կենսառեսուրսները և կենսաբազմազանությունը հումքի մասով։ Դրա փոխարեն մենք կարող ենք ստեղծել արժեք, ինչը մեր պետության համար շատ ավելի կարևոր է», - ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Քննարկմանը մասնակցեցին նաև  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Բանջարբոստանային և տեխնիկական  մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, ՀՀ  Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտահետազոտական կենտրոնի  տնօրեն Ռուզաննա Սադոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար Մերուժան Զադայանը, «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Գրիգորյանը, «Գինու ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ավագ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական քարտուղար  Զառա Խաչատրյանը,   ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը և փոխտնօրեն Վիգեն Գոգինյանը, ՀՀ ԳԱԱ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի առաջատար գիտաշխատող  Աննա Թադևոսյանը, ՀՀ  ԳԱԱ  Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ  Անուշ Ներսեսյանը, ինստիտուտի գեոբուսաբանության լաբորատորիայի վարիչ Գեորգի Ֆայվուշը և ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը, ՀԱԱՀ հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ» մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Մելիքյանը և տնօրենի տեղակալ Գայանե Մելյանը: 

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանի առաջարկով որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի օրենսդրական առաջարկությունների փաթեթ՝ ուղղված բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն և երկարաժամկետ պահպանմանը, բուսական նյութի արտահանման կառավարմանը: Օրենսդրական առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարություն։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29․08․2024թ․