Новости
27/08/2024
Բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ խնդիրներ․ քննարկում ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում (Մ․ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ։  Կքննարկվեն ՀՀ բույսերի կենսաբազմազանության և  գենետիկական ռեսուրսների պահպանման, պաշտպանման, օգտագործման վերաբերող հարցեր։ Հիմնական նպատակն է մշակել օրենսդրական առաջարկություններ, որոնք թույլ կտան կառավարել, կանոնակարգել բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն և երկարաժամկետ պահպանումը, արգելել բուսական նյութի արտահանումը:

Բույսերի գենետիկական ռեսուրսների՝ որպես երկրի մշակութային ժառանգության  չկանոնակարգված արտահանումները, այլ երկրներում տեղայնացումը, սորտերի անվանափոխությունները լուրջ մարտահրավերներ են պարենի և գյուղատնտեսության անվտանգության տեսանկյունից: 

Հայաստանը բույսերի կենսաբազմազանության կարևորագույն բնօրրաններից մեկն է, որտեղ աճում են ավելի քան 3800 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 146-ն էնդեմիկ տեսակներ են։ Այս հսկայական գենետիկական ռեսուրսներն օժտված են այնպիսի ներուժով, որը հնարավոր է դարձնում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսածին և ոչ կենսածին գործոնների անբարենպաստ ազդեցությունը, պարենի և գյուղատնտեսության անվտանգային հարցերը։ Վերջին տարիներին աշխարհում ընթանում է «պայքար» բույսերի գենետիկական ռեսուրսների համար, և հրատապ է դառնում բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը կանոնակարգող ներպետական օրենսդրություն մշակելու անհրաժեշտությունը։ 

Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը կներկայացնի վերջին տարիներին կատարված լայնածավալ աշխատանքները, նաև այն մարտահրավերները, որոնք հնարավոր է հաղթահարել համապատասխան օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։  

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27․08.2024թ.