Новости
12/07/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հեղինակել է հայտնի աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ 

Շնորհանդեսին մասնակցեցին գիտակրթական և պետական ոլորտի ներկայացուցիչներ։  Մասնակիցներին ողջունեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ «Այսօր ունենք սեղանին դրված մի կարևոր աշխատություն։ Ադրբեջանական կեղծարարությունների դեմ պայքարելու ուղղությամբ մեր հիմնադրամի, ակադեմիական ինստիտուտների, առանձին գիտնականների կողմից տարաբնույթ աշխատանքներ տարվում են, և այս գրքի հրատարակությունը կլրացնի դրանք», - ասաց Ռոբերտ Ղազարյանը։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ով նաև գրքի խմբագիրն է, նշեց, թե ինչպես առաջացավ այս գիրքը գրելու գաղափարը։ «2014 թվականին՝ Ադրբեջանի պետական ատլասի հրատարակումից հետո, գտանք դրա բնօրինակը և փոխանցեցինք

պարոն Գալչյանին։ Նա անմիջապես արձագանքեց, և առաջացավ այս աշխատանքը գրելու գաղափարը։ Նաև առաջարկեց, որ պետք է բացահայտել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծիքը։ Ես շնորհակալ եմ պարոն Գալչյանին այս վիթխարի աշխատանքի համար», - ասաց Աշոտ Մելքոնյանը։

Գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանը նշեց․ «Գիրքը փաստագրական է, և եթե իմ գործընկերները շարունակեն անել նման գործեր, ես շատ ուրախ կլինեմ»։ 

Գրքի առաջին մասը վերաբերում է Ադրբեջանում 2014թ․ ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը։ «Ազգային ատլասում կեղծել են բնագիր քարտեզներ՝ հունահռոմեական, եվրոպական, բոլոր քարտեզներից հանել են Հայաստան

անունը։ Գրքի մի մասը հատկացրել են Ադրբեջանը հնագույն քարտեզներում ներկայացնելուն։ Սակայն Ադրբեջանը որպես երկիր հնագույն քարտեզներում գոյություն չունի, նա եղել է Պարսկաստանի նահանգներից մեկը», - ասաց Ռուբեն Գալչյանը։

Գրքի մյուս մասը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։ «Մեր երկրի վրա Ադրբեջան անունն են դնում։ Այս հարցով միջազգային դատարան կարող ենք դիմել», - նշեց հեղինակը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
12.07.2024թ․

Фотогалерея