Новости
28/06/2024
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում» մրցույթ

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում» մրցույթ։ 

Մրցույթի հիմնական նպատակներն են աջակցել երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը, երիտասարդ գիտնականների համար հասանելի դարձնել արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում վերապատրաստվելու հնարավորությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով, երեք ենթածրագրերով՝

  • առաջին՝ արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ գիտնականների վերապատրաստման համար ֆինանսավորման տրամադրում,
  • երկրորդ՝ արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների (բաժնի, լաբորատորիայի կամ գիտական խմբի ղեկավար) մասնագիտական վերապատրաստման և հմտությունների (այդ թվում՝ կառավարման հմտությունների) կատարելագործման համար ֆինանսավորման տրամադրում,
  • երրորդ՝ արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործման համար ֆինանսավորման տրամադրում։

Վերապատրաստման տևողությունը կարող է լինել 30-ից մինչև 90 օր առաջին ենթածրագրի դեպքում, 10-ից մինչև 90 օր՝ երկրորդ և երրորդ ենթածրագրերի դեպքում:

Վերապատրաստման մեկնարկի օրը կարող է լինել 2024թ. նոյեմբերի 1-ից մինչև 2025 թ. օգոստոսի 1-ը ներառյալ:

Ընդունող կազմակերպություն կարող է հանդիսանալ արտերկրի գիտական կազմակերպությունը (բուհը), ինչպես նաև հետազոտական բաղադրիչ ունեցող ձեռնարկությունը, որտեղ հայտատուն պատրաստվում է իրականացնել վերապատրաստումը։ Հայտատուն ընդունող կազմակերպությունում պետք է ունենա հրավիրող/մենթոր, ով պետք է ունենա գիտական աստիճան կամ համարժեք որակավորում։

Հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ ՀՀ-ում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի հուլիսի 31-ն է: Արդյունքները նախատեսվում է ամփոփել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ 

Մրցույթի մանրամասները` այստեղ, իսկ հայտը` այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․06․2024թ․