| ||||||||
ՀՀ մի շարք ավագ դպրոցների ֆիզիկայի ուսուցիչներ նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերեցին «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» գիտաժողովի ընթացքում։ Գիտաժողովի աշխատանքներն ընթացան հունիսի 18-21-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։ Հայաստանի և արտերկրի գիտական և կրթական հաստատությունների գիտնականները հանդես եկան զեկուցումներով՝ նվիրված ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին, ժամանակակից աստղաֆիզիկային, քվանտային ֆիզիկային, ակուստաֆիզիկային, ատոմային և միջուկային ֆիզիկային։ Ուսուցիչները ստացան վկայագրեր։ Գիտաժողովի աշխատանքները հանրագումարող նիստում ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահությանը հասցեագրված առաջարկությունների փաթեթ։ Գիտաժողովն անցկացվեց «Գիտությունը՝ հանրակրթությանը» ծրագրի շրջանակում։ Նպատակն էր խթանել Հայաստանում գիտության և կրթության կապի ամրապնդումը։ Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը։ «Գիտությունը՝ հանրակրթությանը» ծրագրին աջակցում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն։ |