Новости
21/06/2024
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ՀՀ ԳԱԱ-ում անցկացրեց «Շիրվանի պատմության հիմնահարցեր» աշխատաժողովը

Սույն թվականի հունիսի 20-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպել էր աշխատաժողով՝ «Շիրվանի պատմության հիմնահարցեր» թեմայով։ Աշխատաժողովի ժամանակ քննարկվեցին Աղվանքում (Կուրի ստորին հոսանքից մինչև Կասպից ծով) առաջացած տարբեր վարչական միավորներին, մասնավորապես՝ Շիրվանին առնչվող հիմնահարցեր։

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր բացման խոսքում նշեց, որ Ադրբեջանը բոլոր միջոցներով փորձում է յուրացնել հարևան ժողովուրդների՝ հայերի, իրանցիների, վրացիների, դաղստանցիների, թուրքմենների պատմությունն ու մշակույթը։ Նա ընդգծեց, որ հենց այս համատեքստում է կարևորվում Շիրվանի պատմությունը։ Ռոբերտ Ղազարյանը նաև նշեց, որ ադրբեջանական իշխանություններն ամեն գնով փորձում են ներկայացնել, թե Շիրվանն իրենց պատմության մի մասն է, և այնտեղ ստեղծված մշակույթն ադրբեջանական է։ Հիմնադրամի տնօրենն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ, թեև պատմական Շիրվանը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն ժառանգությունը, որ դարերով ստեղծվել է այդ տարածաշրջանում, ուղիղ իմաստով որևէ առնչություն չունի ներկայիս ադրբեջանցի կոչվող հանրույթի հետ։

Աշխատաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի տնօրեն Արման Եղիազարյանը։ Վիլեն Գաբրիելյանն անդրադարձավ Շամախիի պատմությանը՝ որպես շիրվանահայության կրթական, մշակութային, հասարակական-քաղաքական կյանքի և արհեստագործության ու վաճառականության հիմնական կենտրոնի։ Նա ընդգծեց, որ Շամախիի հայ առևտրականերն իրենց ձեռքում էին կենտրոնացրել տարանցիկ ողջ առևտուրը։

Արման Եղիազարյանն էլ ամփոփ ներկացացրեց Շիրվանի պատմությունը՝ նշելով, որ այն Արմինիա վարչատարածքային միավորի մի մասն է եղել, ժամանակին գտնվել է նաև հայ Բագրատունիների թագավորության ազդեցության գոտում։ 

Ելույթներով հանդես եկան մի շարք հեղինակավոր գիտնականներ։ Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը ներկայացրեց Շաքի-Շիրվան երկրամասերում հայերին և ուդի-աղվաններին առնչվող վիճակագրությունը։ Նա նշեց, որ, ըստ Մակար արք․ Բարխուդարյանցի հավաքագրած տվյալների, Շիրվանի հայ բնակչությունը հիմնականում գաղթել է Արցախից։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Արտակ Մաղալյանն անդրադարձավ 16-17-րդ դարերում Արևելյան Այսրկովկասում ապրող հայերին, իսկ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տորք Դալալյանը ներկայացրեց Շիրվան տեղանվան ստուգաբանությունը՝ որպես տարածաշրջանի իրանացման հետևանք։

Քննարկման մասնակիցները նշեցին, որ հայերի ներդրումը զգալի է եղել նաև Բաքվում։ Մասնավորապես՝ ծանրակշիռ էր հայ առևտրաարդյունաբերական խավի դերակատարությունը՝ հատկապես նավթարդյունաբերության ոլորտում, ֆինանսավարկային և բանկային համակարգերի կազմավորման ու զարգացման գործում։

Գիտաժողովի մասնակիցները շեշտեցին, որ հայերի ներկայությունը տարածաշրջանում կտրուկ անկում ապրեց 1918-1920թթ․՝ Թուրքիայի և մուսավաթական Ադրբեջանի՝ երկրամասի հայ բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով։ Հետագայում՝ 1988-1990թթ․, Շիրվանի տարածաշրջանն իսպառ հայաթափվեց։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.06.2024թ.