Новости
20/06/2024
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Լազերային ֆիզիկան և նյութագիտությունը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում» թեմայով սեմինարը

Սույն թվականի հունիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Լազերային ֆիզիկան և նյութագիտությունը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում» թեմայով սեմինար։

 

Սեմինարի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը։ Նա նշեց, որ բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունների գործունեության և հետազոտություններին նվիրված  սեմինարների շարք է անցկացվում, որի նպատակն է նպաստել բաժանմունքի ինստիտուտների միջև համագործակցության խորացմանը։ 

Զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ  Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը։ Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունները՝ լազերային ֆիզիկա և նյութագիտություն, վերջին տարիներին կատարված կիրառական բնույթի հետազոտությունների արդյունքները: 

Մասնավորապես, ներկայացվեցին ինստիտուտի ձեռքբերումները  ատոմական գոլորշիների լազերային սպեկտրասկոպիայի, քվանտային ինֆորմատիկայի, ֆոտոնիկայի և միկրոկառուցվածքավորված օպտիկական նյութերի, պինդմարմնային լազերային նյութերի և սխեմաների մշակման, բյուրեղների աճեցման, բարակթաղանթային կառուցվածքների ստեղծման, նանոկոմպոզիտների սինթեզման ենթաուղղություններով, ինչպես նաև դրանց հիման վրա իրականացված կիրառական մշակումները: 

Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի «Կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» պլանային ծրագրի շրջանակներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20.06.2024թ.