Новости
31/05/2024
Հունիսի 1-ին Երևանի բուսաբանական այգին սպասում է երեխաներին հետաքրքիր և ուրախ միջոցառումներով

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում երեխաների համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ։

Ժամը 12։00-ին կբացվի «Բնության դեսպաններ» խորագրով բնապահպանական ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։ Ցուցահանդեսի ինֆորմացիոն գործընկերն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Ցուցահանդեսի նպատակն է համախմբել բնապահպանական կրթությամբ զբաղվող կազմակերպություններին և դպրոցներին`ստեղծելով hարթակ հետագա համագործակցության համար։ 

Ցուցահանդեսում ներկայացված կլինի բնապահպանական կրթություն իրականացնող 10 կազմակերպություն և 15 դպրոց ՀՀ մարզերից և Երևանից, որոնք ընտրվել են նախապես հայտարարված մրցույթի հիման վրա։ 

Ցուցահանդեսին տաղավարներով ներկայացված կլինեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը,Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (WWF-Հայաստան), Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU), Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։

Կլինեն ազգային պարեր, երեխաների համար ազգային պարերի ուսուցում, ազգային խաղեր, բնապահպանական աշխատարաններ (միջատների հյուրանոց, ծառերի ձևավորում, պատվաստ, գիտափորձեր, «երկրորդ կյանք» թափոնին, կանաչ ապրելակերպի խրախուսում), բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն, թեմատիկ քննարկումներ և դասախոսություններ։ 

Հունիսի 1-ին Երևանի բուսաբանական այգու մուտքն անվճար է։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31․05․2024թ․