Новости
27/05/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գիտությունն այսօր» շարքի «Սննդակարգ և առողջություն» սեմինարը

Սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) տեղի կունենա «Գիտությունն այսօր» շարքի 4-րդ սեմինարը՝ «Սննդակարգ և առողջություն» խորագրով։ 

Զեկուցումներով հանդես կգան սննդագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը և ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:

 

«Գիտությունն այսօր» սեմինարների շարքը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության հետ միասին՝ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով։ Սեմինարներին կարող են մասնակցել ուսանողներն ու ավագ դպրոցների աշակերտները: 2024թ. ընթացքում նախատեսված է 8 սեմինար: 2024թ. դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ:

Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27․05․2024թ.