Новости
17/05/2024
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց «Անահիտ» հանդեսի ներդրումը հայ արվեստագիտության ասպարեզում

Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում  մեկնարկեց «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ 

«Այս միջոցառումը յուրօրինակ է՝ հաշվի առնելով «Անահիտ» հանդեսի վիթխարի դերակատարությունը հայ մշակույթի զարգացման ընթացքի լուսաբանման և հանրահռչակման գործում։ Սա միջգիտակարգային գիտաժողով է, քանի որ հանդեսն ուներ գրական, գեղարվեստական և հասարակական ուղղվածություն։ Հանդեսի կողմնորոշիչները մնայուն արժեքներն են՝ հայ մտավոր մշակույթը, ազգային խնդիրները և եկեղեցու դերը մշակույթի զարգացման և ժողովրդի կյանքում։ Այս կողմնորոշիչներն  ապահովել են հանդեսի խոշոր ներդրումը մեր մտավոր մշակույթի պատմության մեջ և նաև թողել մեզ որոշ դասեր։ Փարիզում լույս տեսնող «Անահիտ» հանդեսը, երբ դեռ չունեինք պետականություն (1898-1911թթ․), կարևորում էր հայերենը որպես գիտական լեզու և նպաստում դրա զարգացմանը, ինչը հարկ է անպայմանորեն շարունակել նաև այժմ», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը նշեց՝ պարբերական մամուլի ուսումնասիրությունն արվեստագիտության կարևորագույն ուղղություններից մեկն է։ «Առաջին անգամ հայ ակադեմիական արվեստագիտությունն անդրադառնում է հայ պարբերական մամուլին՝ «Անահիտ» հանդեսի օրինակով։ Հայտնի է, թե ինչ մեծ նշանակություն և դեր ունի հայ պարբերական մամուլն արվեստագիտության, արվեստի քննադատության ձևավորման, կայացման և զարգացման գործում։ 19-րդ դարից սկսած արևմտահայ և արևելահայ մամուլը բազմիցս անդրադարձել է արվեստի և գրականության հարցերին, և շատ հաճախ այդ հրապարակումները հետազոտողների համար ձեռք են բերում սկզբնաղբյուրի նշանակություն», - ասաց Աննա Ասատրյանը։ 

Նա շեշտեց արվեստի քննադատության կարևորությունը։ «Ներկայում մեր գիտնականները հեռացել են արվեստի քննադատությունից, և դա ցավոտ հարց է։ Կարծում եմ, որ այս գիտաժողովը խթան կհանդիսանա, որպեսզի մեր գիտնականները գիտական հետազոտություններին զուգահեռ զբաղվեն նաև երաժշտական, թատերական և գեղարվեստական քննադատությամբ։ Այս առումով գիտաժողովն ունի նաև կիրառական նշանակություն», - ասաց Աննա Ասատրյանը։

Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Հայաստանից և արտերկրից՝ բացահայտելով «Անահիտ» հանդեսի ներդրումը հայ արվեստագիտության՝ երաժշտագիտության, արվեստաբանության, թատերագիտության և ճարտարապետագիտության, ինչպես նաև գրականագիտության ասպարեզում:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մայիսի 18-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24գ, 1-ին հարկ): 

Գիտաժողովը գումարվել է «Հայ գեղարվեստական և երաժշտական քննադատությունը XIX դարում և XX դարասկզբին (ձևավորումն ու զարգացման միտումները)» գիտական ծրագրի շրջանակում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17․05․2024թ․