Новости
27/03/2024
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի մարտի 28-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ), կմեկնարկի «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը։ Նպատակն է քննարկել Հայոց պետականության ունեցած դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ։

Բացման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը կընթերցի ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 20 երկրների գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, ԲՈՒՀ-երի, հետազոտական կենտրոնների, գերատեսչությունների գիտնականներ։

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, «Օրբելի» կենտրոնը և Երևանի պետական համալսարանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.03.2024թ.