Новости
19/03/2024
Հայաստանի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիաների նախագահները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Սույն թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետության  Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Բուլղարիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Յուլիան Ռևալսկին  ստորագրել են փոխըմբռնման  հուշագիր։ Այն ստորագրվել է ՀՀ ԳԱԱ նախագահի՝ Բուլղարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Նախատեսվում է գիտնականների փոխանակում, գիտաժողովների, կոնգրեսների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում, տեղեկատվության և հրապարակումների փոխանակում, համատեղ միջոցառումների կազմակերպում՝ ուղղված գիտության դերի մասին հասարակական կարծիքի ամրապնդմանը։

Երկու երկրների ակադեմիաները կհամագործակցեն  հետևյալ գիտական ուղություններով․

• մաթեմատիկա, համակարգչային գիտություն և ճարտարագիտություն
• նոր նյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ
• կյանքի որակ և կենսատեխնոլոգիա
• կենսառեսուրսներ և էկոլոգիա
• կլիմայի փոփոխություն, վտանգավոր երևույթներ և բնական ռեսուրսներ
• աստղագիտություն, տիեզերական հետազոտություն և տեխնոլոգիա
• պատմամշակութային ժառանգություն և ազգային ինքնություն
• մարդ և հասարակություն։

«Վստահ եմ՝ մեր ակադեմիաների համատեղ հետազոտությունների հաջողության հարցում», - ստորագրման արարողության ժամանակ ասել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Յուլիան Ռևալսկին։ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը կարևորել է երկու երկրների ակադեմիաների համագործակցությունը և առաջարկել այն սկսել մոլեկուլային կենսաբանության և մանրէաբանության բնագավառում հետազոտություններով։

 

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, դեսպանատան երրորդ քարտուղար Մելին Գրիգորյանը, Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, թղթակից անդամ Ստեֆան Հաջիտոդորովը, Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Եվդոկիա Փաշևան և Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Նելի Կոսևան:

ՀՀ ԳԱԱ նախագահն այցելել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի Մանրէաբանության ինստիտուտ, Ռոումեն Ցանևի անվան մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ և Կենսաֆիզիկայի և կենսաբժշկական ինժեներիայի ինստիտուտ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.03.2024թ․