| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 16-րդ նստաշրջանը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «Առաջին հարթակը, որի վրա կառուցվում է մշակույթը, գիտական հարթակն է, որի շնորհիվ մենք պահպանում ենք մեր եղած արժեքները։ Այդ հարթակը մեր բարձրագույն ինստիտուցիոնալ հաստատություններն են, որտեղ զբաղվում են գիտական աշխատանքով։ Ես կարևորում եմ այս միջոցառումը, ուրախ եմ, որ այսօրվա երիտասարդները, ովքեր վաղվա մեր մեծերն են, այստեղ են», - ասաց Դանիել Դանիելյանը։ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանն ասաց, որ ավանդական դարձած Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանը համախմբում է Հայաստանի արվեստի գիտական կենտրոնների, ԲՈՒՀ-երի, գիտամշակութային այլ օջախների երիտասարդ հետազոտողների։ «Յուրաքանչյուր նստաշրջանից հետո մենք տեսնում ենք, թե ինչ ներուժ ունի արվեստագիտությունը։ Մենք իսկապես ունենք արժանի հերթափոխ», - նշեց Աննա Ասատրյանը։ «Մենք գնահատում ենք այն ժառանգությունը, որը մեզ բաժին է հասել ավագ սերնդից», - ասաց ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը։ Նստաշրջանի ընթացքում երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Իտալիայից, Իսրայելից, Լիբանանից, Չինաստանից և Ռուսաստանից ներկայացրին ավելի քան չորս տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված ականավոր արվեստագետների կյանքին, գործունեությանը և հայ արվեստի տեսությանն ու պատմությանը։ Տեղի ունեցավ «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանի նյութեր» գիտական պարբերականի շնորհանդեսը։ |