Սույն թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Կորեայի արբորետումի և այգիների ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այն ստորագրեցին Կորեայի արբորետումի և այգիների ինստիտուտի տնօրեն Ռյու Կվանգ Սուն և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
Հուշագրի նպատակն է ընդլայնել Արևմտյան Ասիայի սերմերի պահպանման ցանցն ու իրականացնել Հայաստանում վայրի բույսերի արդյունավետ պահպանություն։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է սերմերի պահպանում, բույսերի ռեսուրսների հավաքագրում և պահպանում, կենսաբազմազանության պահպանման և օգտագործման համար համատեղ հետազոտությունների իրականացում, Երևանի բուսաբանական այգու տարածքում Կորեական այգու ստեղծում:
Կորեայի արբորետումի և այգիների ինստիտուտում գործում է երեք ազգային դենդրոպարկ, ներառյալ Ազգային Բեգդուդեգան արբորետումը (ամենամեծը Ասիայում) և Ազգային Սեջոնգ արբորետումը։ Այս արբորետումները ստեղծվել են անտառային կենսաբանական ռեսուրսների պահպանման նպատակով:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05․12․2023թ․