Новости
17/11/2023
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են  ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիլյամ Սարոյան հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ):

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ «Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ և ոչ միայն հայ արվեստի զարգացումը: Սարոյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի և սփյուռքի թատրոններում և մեծ դեր կատարել հայ ռեժիսորների և դերասանների ստեղծագործական ճակատագրում: Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա գրվել են երաժշտական ստեղծագործություններ՝ երգերից մինչև օպերաներ: Սարոյանի կերպարը մարմնավորվել է հայ կերպարվեստում: Վիլյամ Սարոյանը տաղանդավոր է իր բոլոր դրսևորումներում», - ասաց Աննա Ասատրյանը։ 

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Այս գիտաժողովը նվիրված է միջգիտակարգային հիմնախնդրի՝ գրականության և արվեստի առնչություններին։ Սա չափազանց շահեկան նախաձեռնություն է, որովհետև գիտություններն այսօր զարգանում են տարբեր գիտաճյուղերի հատույթներում։ Եվ այս հատույթներում է, որ այսօր մենք կարող ենք նոր խոսք ասել։ Գիտաժողովը հնարավորություն է մեկ անգամ ևս արժևորելու Սարոյանի գրական ժառանգությունը և այն դիտարկելու արվեստի տեսանկյունից», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա կիսվեց իր հուշերով՝ ինչպես է առաջին անգամ դիտել «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը՝ նվիրված կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակին, Վահրամ Փափազյանի և Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ։ 

«Վիլյամ Սարոյանի արվեստի, թատրոնի, նկարչության, երաժշտության գործերում կա ներշնչանք։ Պետք է իմանանք՝ ինչ խորություն ունի սարոյանական ստեղծագործությունը և այնպես հանրահռչակենք այն, որ հատկապես երիտասարդությունն իրազեկված լինի և հպարտ, որ նման նշանավոր հեղինակ ունի», - ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Ուրախ եմ միանալու այս գիտաժողովին, որի օրակարգում Սարոյանի կյանքի և ստեղծագործության դրվագներն են։ Մտածում էի, թե ինչպես կարձագանքեր Սարոյանն այս հանդիպմանը, որն անցկացվում է իր ծննդից 115 տարի անց, Հայաստանում, և որին ելույթ են ունենում առաջատար գիտնականներ: Կարծում եմ, որ նա կասեր. «Սա ամենազվարճալի բանն է, որ երբևէ տեսել եմ»: Բայց ես գիտեմ, որ նա շատ գոհ կլիներ: Սարոյանը շատ ուշադիր էր իր ժառանգության նկատմամբ։ Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ այս գիտաժողովի մի մասն ենք», - ասաց Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։

Գիտաժողովի աշխատանքներին մասնակում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Սերբիայի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստի, մշակույթի, գրականության վաստակավոր գործիչներ և երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 35 գիտական զեկուցումներ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի գրական,  նկարչական և երաժշտական ժառանգությանը։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 18-ին։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17․11․2023թ․